Դիանա Գալոյանը՝ ՀՊՏՀ նորընտիր ռեկտոր

Դիտումների քանակ՝ 2369

Ինչպես արդեն հաղորդել ենք,  «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի անցկացման համար այսօր ՀՊՏՀ-ում կայացավ խորհրդի նիստ՝ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանի գլխավորությամբ, խորհրդի 27 անդամների մասնակցությամբ:

Մինչ նիստի մեկնարկը, խորհրդի անդամ, ՀՊՏՀ ամբիոնի պատվավոր վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սարգսյանը ելույթի խոսք խնդրեց և խորհրդի անդամներին առաջարկեց մինչ նիստը սկսելը մեկ րոպե լռությամբ հարգել հուլիսի 3-ին կյանքից հեռացած ՀՊՏՀ երկարամյա ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանի և օրերս հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում ստացած կրտսեր սերժանտ, ՀՊՏՀ ուսանող Գրիշա Մաթևոսյանի հիշատակը:

Հիշատակի արարողությունից հետո սկսվեց խորհրդի նիստը: Օրակարգի հաստատումից հետո խորհուրդը սկսեց աշխատանքը: Օրակարգային առաջին հարցով հաստատվեց  համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նախատեսված պահանջներին համապատասխանության որոշումը:

Այնուհետև մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած երկու հավակնորդները՝ տ.գ.դ., պրոֆեսոր Դիանա Գալոյանը և տ.գ.դ., պրոֆեսոր Տիգրան Մարտիրոսյանը հանդես եկան ծրագրային ելույթներով՝ ներկայացնելով համալսարանի զարգացման և բարեփոխման հայեցակարգերը:

Ներկայացնելով ՀՊՏՀ 2020-2025թթ․ զարգացման և բարեփոխման հայեցակարգը՝ Դիանա Գալոյանը նշեց, որ հայեցակարգում ներառված զարգացման ուղղությունները համահունչ են ՀՊՏՀ՝ այս պահին որդեգրած ռազմավարությանը, սակայն հետապնդում են դրա բարելավման, մրցակցային առավելությունների շեշտադրման և մասնագիտական ներուժի մակարդակի բարձրացման նպատակներ, որոնց իրացումը թույլ կտա առաջիկա 5 տարիներին ՀՊՏՀ-ն հայաստանյան շուկայում դիրքավորել որպես ամենաառաջատար բուհ։  «ՀՊՏՀ զարգացման հիմնական նպատակի իրագործումը ենթադրում է կրթության որակի տարբեր բաղադրիչների ուղղությամբ որոշակի հասցեական և միմյանց հետ փոխկապակցված մի շարք խնդիրների լուծում. խնդիրներ, որոնք առնչվում են ՀՊՏՀ գործունեության ուսումնական, գիտահետազոտական, միջազգայնացման, կառավարման և վարչարարության, ֆինանսատնտեսական գործունեության, կառուցվածքային և սոցիալական քաղաքականության ոլորտներին»,- մասնավորապես նշեց Դիանա Գալոյանը։

Տիգրան Մարտիրոսյանը, ներկայացնելով իր ծրագիրը՝ նշեց, որ ինքն ընդհանուր առմամբ  ներկայացնում է բուհական համակարգում առկա խնդիրները ու դրանց լուծման վերաբերյալ իր տեսլականը: Նրա խոսքով, բուհական համակարգի հիմնական խնդիրներն են բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդումը, բուհերի համար լրացուցիչ ֆինանսական միջոցների ստեղծումը, գիտահետազոտական աշխատանքների ձևական բնույթի վերացումը:

Հավակնորդներին ուղղված հարցերից, քննարկումներից ու ելույթներից հետո կայացան ռեկտորի ընտրությունները: Խորհուրդը փակ, գաղտնի քվեարկությամբ  22 կողմ ձայներով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրեց Դիանա Գալոյանին:

Ամփոփելով արդյունքները՝ խորհուրդը հաստատեց համապատասխան որոշումը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին