ՀՊՏՀ-ն վերսկսում է աշխատանքը. անցած օրերի քրոնիկան՝ համառոտ (թարմացված)

Դիտումների քանակ՝ 3867

Արձակուրդի ժամանակաշրջանն ավարտվեց, և մեր համալսարանը վերսկսում է իր աշխատանքը՝ վերադառնալով բնականոն ռիթմի: Իրենց աշխատատեղերն են զբաղեցրել ստորաբաժանումների ղեկավարները (այդ թվում՝ ֆակուլտետների դեկաններ) և աշխատակիցները (այդ թվում՝ ֆակուլտետների և ամբիոնների ուսումնաօժանդակ կազմ) և բոլորի հետ մեկտեղ իր առցանց գործունեությունն է շարունակում ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ մեկնարկելով ՀՊՏՀ պաշտոնական (asue.am) կայքի, ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջի սպասարկումը:
Բարի գալուստ բոլորիս և եռանդով լի, հագեցած ու արդյունավետ աշխատանքային օրեր:
Սիրով տեղեկացնում ենք, որ համալսարանի կենսագործունեությունն այս ընթացքում լիովին չի ընդհատվել. որոշ բաժիններում աշխատանքը շարունակվել է, ինչպես նաև տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հիշատակման կարիք ունեն: Եվ այսպես՝ համառոտ ու հետահայաց անդրադարձ անցած օրերին:
Դիլիջանի հովաշունչ «Տնտեսագետ» մարզաառողջարանն այս ընթացքում, սկսած հուլիսի 5-ից, 4 հերթափոխով կազմակերպել է (ճամբարի պետ՝ ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Հակոբ Կյոկչյան) ՀՊՏՀ դասախոսների, աշխատակիցների և ուսանողների հանգիստը: 4-րդ հերթափոխում ընդգրկված են եղել մեծ թվով ուսանողներ, որոնց օգոստոսի 16-ին այցելել են ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը: Ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանի և ճամբարականների հետ միասին նրանք անցկացրել են հագեցած ու հիշարժան մեկ օր՝ զրուցել ուսանողական, բուհական հիմնախնդիրների մասին և երեկոյան համախմբվել խարույկի շուրջ: Վերջին հերթափոխը հանգստացողներին կճանապարհի օգոստոսի 25-ին:
Օգոստոսի 13-ին իր աշխատանքն է վերսկսել ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը, պատասխանատու քարտուղար Արա Մկրտչյանի տեղեկացմամբ՝ այս պահին ընթացքի մեջ է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջի) բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների 2018-2019 ուստարվա ընդունելությունը, շարունակվում է հեռակա մագիստրատուրայի ընդունելությունը, որը կավարտվի սեպտեմբերի 25-ին, իսկ օգոստոսի 24-ին կսկսվի հեռակա բակալավրիատի ընդունելությունը:
Պատասխանատու քարտուղարը նաև հայտնեց, որ հանձնաժողովը մագիստրատուրա ընդունվածներին հրամանագրելու համար ընդունում է վարձավճարների վճարման անդորրագրերը:
ՀՊՏՀ մագիստրանտ Տիգրան Հարությունյանը հուլիսին Վրաստանի Փոթի քաղաքում կայացած միջազգային շախմատային փառատոնում երկրորդ անգամ լրացրել է գորսմայստերական նորմա և գրավել 2-րդ հորիզոնականը, ինչի առթիվ շնորհավորում ենք մեր ուսանողին:

Անցած ժամանակաշրջանի մյուս կարևոր նորություններին կանդրադառնանք մեր առաջիկա լրահոսում:
Հիշեցնենք նաև՝ «Տնտեսագետի» նոր համարը արձակուրդից առաջ տպագրվել էր, և մի մասը բաժանվել է, ցանկացողներն իրենց օրինակները կարող են ստանալ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմը և ամբիոնների վարիչները աշխատանքի կվերադառնան օգոստոսի 24-ին

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին