ՀՊՏՀ գիտնականը Մոսկվայում մասնակցել է միջազգային գիտակրթական ծրագրի

Դիտումների քանակ՝ 1873

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Վարդան Աթոյանը օգոստոսի 27-31-ը ՌԴ Մոսկվա քաղաքում մասնակցել է «BRICS School» միջազգային գիտակրթական ծրագրի: Միջոցառումը կազմակերպել են BRICS-ի հետազոտության ազգային կոմիտեն (ՌԴ) և Ա. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության հիմնադրամը:
Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին վերադարձից հետո տեղեկացրեց Վարդան Աթոյանը, հեղինակավոր սույն միջոցառմանը աշխարհի տասնյակ երկրներից դիմել են ավելի քան 250 մասնակիցներ, մրցութային կարգով ընտրական փուլը հաղթահարել են 35-ը, որից 30-ը՝ BRICS-ի անդամ երկրներից (Բրազիլիա - 5, ՌԴ - 10, Հնդկաստան - 5, ՉԺՀ - 5, ՀԱՀ - 5): Բացի անդամ երկրներից, ընտրական փուլը հաղթահարել են ընդամենը 5 երկրների մեկական ներկայացուցիչ Իսրայելից, Հայաստանից, Ֆրանսիայից, Ուկրայինայից, Սերբիայից:

«Միջոցառման նպատակը BRICS-ի անդամ երկրների միջև քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ուղղություններով փոխգործակցության հետազոտությամբ զբաղվող մասնագետների պատրաստումն էր: Դասընթացի շրջանակներում տեղի ունեցան արտերկրի հայտնի գիտնականների, ոլորտի առաջատար փորձագետների և բարձրաստիճան պաշտոնատար անձանց դասախոսություններ, ինչպես նաև անցկացվեցին ուղեղային գրոհներ, քննարկումներ, վարպետաց դասեր»,- ներկայացրեց Վարդան Աթոյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին