ՀՊՏՀ-ում նոր ուսումնական տարին մեկնարկեց նոր շնչով ու նորացված

02.09.2024
Դիտումների քանակ՝ 785

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այսօր իր դռները բացեց՝ հրավիրելով իր ուսանողներին նոր ուսումնական տարին սկսելու նոր տրամադրությամբ ու տրամաբանությամբ։ Գեղատեսիլ բակում հիմնականում առաջին կուրսեցիներն էին։ Նրանց վստահության և ընտրության շնորհիվ Տնտեսագիտական համալսարանն այս տարի կրկին արձանագրեց գերազանց համալրում՝ հանրապետության համալսարանական մեծ ընտանիքում ամրապնդելով իր առաջատար դերը։

Նորեկներին, ավանդույթի համաձայն, բուհն ընդունեց հոգածությամբ և սիրով, միաժամանակ՝ առանձնակի նախապատրաստությամբ՝ նորաոճ, տեխնոլոգիապես հագեցած, հարմարավետ ու էսթետիկ միջավայրում։

Առաջին կուրսեցիներին և համալսարանի բոլոր ուսանողներին շնորհավորեց և ողջույնի ջերմ խոսք հղեց ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը։

«Սիրելի΄ ուսանողներ, դուք ընտրել եք մի համալսարան, որտեղ մշտապես խրախուսվել է համարձակությունը, ստեղծագործաբար, քննադատաբար մտածելը։ Գիտելիքի ճանապարհը, որ միասին անցնելու ենք չորս տարիների ընթացքում, լինելու է բարդ, բայցև հետաքրքիր ու բացահայտումներով լի։ Շնորհակալ ենք ձեզ՝ Հայաստանի Հանրապետության 56 համալսարաններից հենց մեր համալսարանն ընտրելու համար»,- ասաց ՀՊՏՀ ղեկավարը՝ վստահեցնելով, որ բուհի ղեկավարությունն ու համակազմը իրենց ուժերի սահմաններում կանեն ամենը, որ որևէ ուսանող գեթ մեկ օր, մեկ ակնթարթ չզղջա իր կատարած ընտրության համար։ «Մենք խորությամբ գիտակցում ենք պատասխանատվության այն բեռը, որ ձեզ հետ միասին ստանձնել ենք ձեր ծնողների առջև»,- ասաց Արմեն Գրիգորյանը։ Նա խորհուրդ տվեց ջանք ու եռանդ չխնայել, սովորել և համարձակորեն առաջ ընթանալ՝ չընկրկելով դժվարությունների առջև, ապա հավաստիացրեց, որ բուհը մշտապես իր սիրելի ուսանողների կողքին է ինչպես ուսումնառության բերկրալի, բայցև բարդ ճանապարհն անցնելիս, ցանկացած նախաձեռնության դեպքում, այնպես էլ համալսարանն ավարտելուց հետո։

Ուսանողներին շնորհավորանքի ջերմ խոսք հղեց նաև ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Արև Մանուկյանը՝ խորհուրդ տալով արժևորել գիտելիքն ու նրա ուժը և օգտվել համալսարանի ընձեռած բոլոր հնարավորություններից։

Առաջին կուրսեցիների համար հաճելի անակնկալ դարձան խաղ-վիկտորինան և նվերների վիճակահանությունը, որոնց արդյունքում մասնակիցները հեռանում էին ՀՊՏՀ բրենդային հուշանվերներով։

Եվ այսպես՝ գունեղ մի ամբողջ համալիր՝ նոր կրթական տարածքներ, ամբիոններ, դեկանատներ ու համակարգչային լաբորատորիաներ, այսօր տրամադրվեցին ՀՊՏՀ ուսանողին, որ նա իրեն զգա արժևորված, կարևոր, ինքնավստահ և, դառնալով համալսարանի մասնիկը, կերտի իր և սիրելի բուհի բարի համբավը։

Տոնական միջոցառման լուսանկարային շարքը տե΄ս ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում