ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում բացվեց համակարգչային ժամանակակից լսարան

03.09.2024
Դիտումների քանակ՝ 748

Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում այսօր բացվեց համակարգչային ժամանակակից լսարան, որտեղ իրենց կրթությունը կստանան քոլեջի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության սովորողները։

Լսարանի բացմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, նույն նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի նախագահ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, հյուրեր, քոլեջի դասախոսներ և ուսանողներ։

Ներկաներին ողջունեց քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը՝ ասոցիացիային շնորհակալություն հայտնելով համագործակցության համար և հույս հայտնելով, որ նման նախաձեռնությունները կնպաստեն միջին մասնագիտական կրթության բարելավմանը։ «Ժամանակակից կրթությունը չի կարող անմասն մնալ բիզնես միջավայրից, և ասոցիացիայի հետ մեր համագործակցությունն ուղղված է հենց մրցունակ կրթության ապահովմանը»,- ասաց քոլեջի տնօրենը։

Վահագն Համբարձումյանը շեշտեց, որ համակարգչային լսարանը ոչ թե բարեգործություն կամ նվեր է, այլ ներդրում կրթության, որակյալ կադրերի պատրաստման գործում։ Նրա խոսքով՝ բոլոր գործատուներն այսօր բարձր որակավորմամբ մասնագետների կարիք ունեն, և այդպիսի մասնագետների ձևավորման լավագույն ճանապարհը որակյալ կրթության ապահովման գործին մասնակցությունն է։

Վահագն Համբարձումյանը նշեց, որ Տնտեսագիտական համալսարանի, ինչպես նաև ֆինանսատնտեսագիտական քոլեջի հետ ասոցիացիայի համագործակցությունն արդյունավետորեն ընթանում է մի շարք ուղղություններով, ինչի համար շնորհակալություն հայտնեց։

Ռուբեն Սարգսյանը ողջույնի իր խոսքում ընդգծեց՝ ՀՀ Կառավարության համար մարդկային կապիտալն ամենակարևորն է, և բոլոր բարեփոխումներն ուղղված են այդ նպատակին։ Նախարարի տեղակալի խոսքով՝ կրթություն-բիզնես-աշխատաշուկա համագործակցությունը որակյալ մասնագետներ պատրաստելուն միտված լավագույն մոդելներից է։

Շնորհավորանքի խոսքեր ասացին նաև Էլեն Մանասերյանը և Թաթուլ Մովսիսյանը։ Էլեն Մանասերյանի խոսքով՝ միայն կրթության միջոցով է հնարավոր ունենալ արժեքահեն քաղաքացիներ և փոխել աշխարհը դեպի լավը։ Թաթուլ Մովսիսյանն ընդգծեց, որ համակարգչային լսարանի բացումը գործնական ներդրում է որակյալ կրթության ապահովման գործում, որը ցույց է տալիս հաջողության հասնելու ճանապարհը։

Մերի Բադալյանը, կարևորելով ասոցիացիայի հետ երկարամյա համագործակցությունը, նշեց՝ այն ավելի արդյունավետ դարձնելու ներուժ կա։ Դեկանի խոսքով՝ միջին մասնագիտական կրթության ոլորտում նման ներդրումը կծառայի իր նպատակին․ քոլեջների շրջանավարտներն ակնհայտորեն տարբերվում են իրենց գիտելիքներով և հմտություններով։

Միջոցառման մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։