ՀՊՏՀ-ն համագործակցության հուշագիր ստորագրեց Bildung Nijmegen կազմակերպության հետ

25.10.2021
Դիտումների քանակ՝ 856

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը հոկտեմբերի 25-ին հյուրընկալել է Bildung Nijmegen կրթության և նորարարության զարգացման կազմակերպության ղեկավար և նիդեռլանդական HAN կիրառական գիտությունների համալսարանի ներկայացուցիչ Ռենե Դոնդերսին։ Հանդիպմանը ներկա էր նաև Լատվիայի երիտասարդական զարգացման կենտրոնի տնօրեն Ալեքսանդրս Փոստսը։

Հանդիպման արդյունքում ՀՊՏՀ-ի և Bildung Nijmegen կրթության և նորարարության զարգացման կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում համատեղ կիրականացվեն ուսանողների փոխանակային ծրագրեր, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրազեկվածության բարձրացմանն ուղղված տարաբնույթ միջոցառումներ, դասընթացներ, դասախոսություններ, սեմինարներ։ Հուշագիրը նաև ենթադրում է համագործակցության ընդլայնում ձեռնարկատիրության, նորարարությունների, հետազոտությունների և տեխնոլոգիաների վերաբերյալ։

ՀՊՏՀ-ի և Bildung Nijmegen-ի համագործակցության սկիզբը նշանավորվեց ՀՊՏՀ ուսանողների համար Ռենե Դոնդերսի դասախոսությամբ: Բանախոսը կլիմայի փոփոխության հիմնախնդիրը ներկայացրեց նորարարական դիրքերից, խոսեց դրա կարևորության, կլիմայի փոփոխության հետևանքների մասին, ինչպես նաև անդրադարձավ ուսումնառության նորարարական մեթոդներին ու անհատի զարգացմանը նպաստող գործոններին։