ՀՊՏՀ ուսանողը` ուժային եռամարտի Հայաստանի 7-ակի չեմպիոն. նա հաղթանակը նվիրել է մեր հերոսների հիշատակին /թարմացված/
Դեկտեմբերի 19-ին կայացել է Ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը, որը նվիրված է եղել Արցախա-ադրբեջանական պատերազմում նահատակված հերոս հայորդիների հիշատակին: ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Էրիկ Խաչատրյանը դարձել է առաջնության չեմպիոն: Այսպիսով, մեր ուսանողն արդեն Հայաստանի 7-ակի չեմպիոն է: Մեզ հետ զրույցում Էրիկը նշեց, որ շատ հաղթանակներ է արձանագրել, բայց այս մեկն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ նվիրված է մեր հերոս տղաներին:
Ավելի ուշ` դեկտեմբերի 25-ին, ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը հյուրընկալվել է ՀՊՏՀ-ում և շնորհակալագիր հանձնել մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Նարեկ Կեսոյանին` Էրիկ Խաչատրյանին աջակցելու և քաջալերելու համար: Մեզ հետ զրույցում Նարեկ Կեսոյանն ասաց, որ զրուցել են Էրիկի առաջիկա անելիքների, ուսման և պրոֆեսիոնալ սպորտի հետ կապվող հարցերի շուրջ: «Մենք միշտ խրախուսում ենք մեր ֆակուլտետի մարզիկներին, հպարտանում մեծ սպորտում նրանց հաջողություններով: Էրիկը օրերս է գրանցել իր հերթական մարզական նվաճումը, ինչի առիթով ուրախ ենք: Նա աշխատասեր, հեռանկարային մարզիկ է և վստահ ենք, որ դեռ շատ առիթներ ենք ունենալու նրան շնորհավորելու»,-ասաց դեկանը:
Հավելենք, որ նպատակասլաց մարզիկը հասցրել է նվաճել Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնական տիտղոսները, Գինեսի և «Դյուցազնագրքի» (Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների գիրք) ռեկորդակիր է, միջազգային կարգի սպորտի վարպետ: Մաղթում ենք շարունակական հաղթանակներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին