ԿԲ մրցույթում կրթաթոշակակիրներ են դարձել ՀՊՏՀ ուսանողներ Անդրանիկ Մարգարյանը, Հայկ Քալանթարյանը, Դավիթ Մինասյանը

22.12.2020
Դիտումների քանակ՝ 2036

ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքն այսօր հաղորդեց ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի հերթական մրցույթի արդյունքների մասին: Մրցույթին մասնակցելու նպատակով հետազոտական-վերլուծական աշխատանքներ էին ներկայացրել Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 8 ուսանող: Ուսանողների աշխատանքները գնահատելով` ԿԲ խորհուրդն ամսական 50.000 դրամի չափով, 6 ամիս ժամկետով Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ է սահմանել 3 ուսանողի համար, 3-ն էլ ՀՊՏՀ-ական են. Դավիթ Մինասյան, Անդրանիկ Մարգարյան, Հայկ Քալանթարյան:

asue.am-ը զրուցել է կրթաթոշակի արժանացած, հետազոտական հմտությունները շարունակաբար բարելավող, ուսումնատենչ երիտասարդ տնտեսագետների հետ: Մակրոտնտեսական վերլուծություն մասնագիտացման մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Դավիթ Մինասյանը ներկայացրել է «Միջազգային փորձը տեխնոլոգիապես բաց բանկային գործունեության դաշտում (Open banking) և նրա կիրառելիությունը ՀՀ-ում» վերլուծական աշխատանք: Ինչպես նշում է` թեման արդիական է և հետաքրքրաշարժ: «Թեմայի ներքո արծարծել եմ մի քանի առանցքային հարցեր, որոնք լուսաբանման կարիք ունեին, մասնավորապես` տեխնոլոգիապես բաց բանկային համակարգի բնութագիր, միջազգային փորձի ուսումնասիրություն, ՀՀ–ում միջազգային փորձի կիրառման հնարավորություները, բաց բանկային համակարգի ընձեռնած առավելությունները և առնչվող ռիսկերը»,-ասաց Դավիթը:

Տնտեսության պետական կարգավորում մասնագիտացման 1-ին կուրսի մագիստրանտ Անդրանիկ Մարգարյանը կրթաթոշակի մրցույթում ներկայացել էր «Արժութային ինտերվենցիաների հիմնախնդիրները զարգացող երկրներում» աշխատանքը: Անդրադառնալով թեմայի հրատապությանը` նա նշեց. «Խնդիրը թեև միշտ է արդիական, սակայն հատկապես այս տարվա ընթացքում Covid-19 համավարակի մասշտաբային հարվածների հետևանքով ազգային տնտեսությունների իրական և ֆինանսական հատվածները լրջագույն խնդիրների են բախվել. տնտեսական անկում, գնաճային էական ճնշումներ, ազգային արժույթների արժեզրկում, խորացող բյուջետային դեֆիցիտներ, պարտքային բեռի ավելացում և այլն։ Այս համատեքստում բացառություն չէ նաև հայկական դրամի վարքագիծը, մանավանդ, որ Արցախյան պատերազմը էլ ավելի սրեց երկրի առաջ ծառացած խնդիրները։ Իմ աշխատանքում քննարկել եմ ստեղծված ճգնաժամային իրավիճակում ազգային արժույթի փոխարժեքի շարժի վրա ազդող էական գործոնները և այս իրավիճակում ԿԲ կողմից իրականացվող քաղաքականության ազդեցությունները, մասնավորապես` որպես կարճաժամկետ և իրավիճակային կարգավորման գործիք` արժութային ինտերվենցիաների կիրառման նպատակահարմարությունը:

Հաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտության 4-րդ կուրսեցի Հայկ Քալանթարյանի «Ֆինանսական տեխնոլոգիաներ. ռիսկեր, հնարավորություններ և կարգավորման հեռանկարներ» թեմայով աշխատանքը խարսխված է «Ֆինթեքը ոչ թե մրցակցություն է, այլ` համագործակցություն» գաղափարի վրա և նվիրված` ֆինանսական տեխնոլոգիաներին, դրանց զարգացման հեռանկարներին, հնարավոր ռիսկերին և ԿԲ կողմից իրականացվելիք նախընտրելի քաղաքականություններին: «Ուսումնասիրել եմ P2P վարկավորման շուկան, պարզել տեխնոլոգիաների կիրառման արդյունքում տվյալների օգտագործման արդյունավետությունը, ինչպես նաև ներկայացրել եմ վարկային սքորինգի մոդելների ներդրման վերաբերյալ դիտարկումներս, մասշտաբի էֆեկտին ձգտելու արդյունքում ֆինթեք ընկերութունների հնարավոր շուկայական վարքագծերից առաջացող ռիսկերը, որոնք կարգավորողները պետք է խստորեն վերահսկեն: Անդրադարձել եմ նաև վենչուրային ֆոնդերի հետ հնարավոր համագործակցությանը` տեխնոլոգիական քաղաքականությունների ավելի արդյունավետ մեխանիզմների ներդրման համար: P2P վարկավորման մասն ամփոփել եմ առաջարկություններով, որտեղ անդրադարձել եմ տարբեր բիզնես մոդելների արդյունավետությանը, օրենսդրական ու շուկայական մոտեցումներին, որոնք այսպիսի ֆինանսական տեխնոլոգիաների դեպքում նախընտրելի են »,-նշեց Հայկը: Նրա հետազոտության 2-րդ մասը նվիրված է բլոկչեյն տեխնոլոգիաների միջոցով «Initial Coin Offering»-ներին, որոնց զարգացման նախադրյալները Հայաստանում արդեն ակնհայտ են, սակայն պարունակում են ռիսկի բարձր մակարդակ, քանի որ շատ հաճախ գործ ենք ունենում արժեթղթերի առքուվաճառքի հետ: Հաշվի առնելով միջազգային փորձը, հայաստանյան շուկայի առանձնահատկությունները և տարբեր տնտեսագետների առաջարկած մոտեցումները` Հայկը մշակել է անհրաժեշտ քայլերի հաջորդականություն` շուկան կարգավորողների համար, որոնք ներառել են «գայդընսների» պարբերաբար մշակումը և հրապարակումը, «white paper»-ների նկատմամբ պահանջների սահմանումը, տեխնոլոգիական չեզոքության անհրաժեշտությունը, ինչպես նաև «regulatory sandbox»-երի և այլնի հնարավոր կիրառումը և հետևանքները:

Շնորհավորում ենք մեր առաջավոր ուսանողներին և մաղթում ուսումնական ու գիտական նոր ձեռքբերումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին