Ամփոփվեց ՀՊՏՀ ուսանողական-մարզական գարունը

08.06.2021
Դիտումների քանակ՝ 1160

Ուսանողական մարզական խաղերի գարնանային փուլը հարուստ էր առաջնություններով, որոնց ընթացքում հաջողություններ գրանցեցին նաև ՀՊՏՀ ուսանող մարզիկ-մարզուհիները: Նրանք մասնակցություն ունեցան ՀՀ ուսանողական մարզական խաղերի բոլոր մարզաձևերում՝ շախմատ, բադմինթոն, 3x3 բասկետբոլ, ռաֆտինգ, լողափնյա վոլեյբոլ: Մարզական բախտը ՀՊՏՀ-ականերին ժպտաց ռաֆտինգ մարզաձևում՝ մեր տղաները դարձան չեմպիոն, աղջիկների բասկետբոլի հավաքականը 3x3 բասկետբոլի առաջնությունում նվաճեց 2-րդ հորիզոնականը, աղջիկների վոլեյբոլի հավաքականը՝ լողափնյա վոլեյբոլում՝ 3-րդ:

ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը, որն այս ընթացքում մասնակցում էր Հայաստանի ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնութանը և «Ֆուտզալ լիգայի VBET գավաթին» (VBET-ը ՀՊՏՀ թիմի հովանավորն է), երկուսում էլ հասավ կիսաեզրափակիչ, բայց, ցավոք, լուրջ հաջողություններ չգրանցեց:

Այս մասին մեզ տեղեկացրեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ և ՀՊՏՀ ֆուտզալի թիմի գլխավոր մարզիչ Հովհաննես Գաբրիելյանը:

Նա հատկանշեց, որ ՀՊՏՀ մարզիկ-մարզուհիների հաջողություններն ուրախացնող են, միաժամանակ, նրանց մարզական կարողություններն ու հավակնություններն ավելին են, քան դրսևորվեցին գարնանային փուլում, և հետագա մրցաշրջաններին նրանք պետք է պատրաստվեն և մասնակցեն ավելի մեծ հաջողությունների հասնելու ձգտմամբ:

«ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնը և մեր ուսանողները անցնող 1-տարյա մրցաշրջանում, թե´ ՀՀ ուսանողական մարզական խաղերում, թե´ ֆուտզալի առաջնություններում, մշտապես զգացել են բուհի ղեկավարության աջակցությունը, ինչի համար շնորհակալ ենք և պատրաստակամ մշտապես բարձր պահել համալարանի մարզական պատիվը»,- ասաց Հովհաննես Գաբրիելյանը:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին