Ամեն ինչ սկսվում է գաղափարից. «ՍՏԵՂԾԻ՛Ր ՔՈ ԲԻԶՆԵՍԸ. գաղափարատոն–2021»-ում հաղթեց Quick Charge թիմը

09.06.2021
Դիտումների քանակ՝ 1323

ԵՄ-ի  կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի (ԻՐԻՍ) շրջանակում ԻՐԻՍ բիզնես-ինկուբատորի և ՀՊՏՀ Change Lab-ի նախաձեռնած «ՍՏԵՂԾԻ՛Ր ՔՈ ԲԻԶՆԵՍԸ. գաղափարատոն–2021» ուսանողական եռօրյա մրցույթն այսօր ամփոփվեց։ Հունիսի 7-9-ը ՀՊՏՀ-ում էին հայաստանյան տարբեր բուհերի 23 ուսանողներ, որոնք ոգեշնչվել էին մրցույթի «Ամեն ինչ սկսվում է բիզնես-գաղափարից» կարգախոսով և համարձակ արտահայտում էին իրենց իրական ու անիրական թվացող գաղափարները, բիզնես-խորհրդատուներից մասնագիտական դիտարկումներ լսում։ Երեք օրերի ընթացքում ԵՄ ԻՐԻՍ բիզնես-ինկուբատորի գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը, մարքեթինգի և բիզնեսի գործառնությունների գծով փորձագետներ Միշա Պողոսյանն ու Մխիթար Բալայանը ինտերակտիվ հանդիպումներ են անցկացրել, դասախոսել բիզնեսի և ձեռներեցության տարբերությունների, գաղափարների իրացման գործիքակազմի, ներկայացման հմտությունների, մարքեթինգի և այլ ուղղությունների մասին։ Այս ամենի տրամաբանական շարունակությունն են եղել քննարկում-բանավեճերը, գաղափարների գեներացումն ու փորձագետների օգնությամբ դրանց գրագետ ներկայացումը։

Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ մրցույթն իրականացրեց իր առջև դրված հիմնական խնդիրները, որոնք էին՝ երիտասարդության շրջանում խթանել հետաքրքրությունը դեպի ձեռներեցությունը, օգնել գաղափարները թղթին հանձնել, նրանց զինել բիզնես-գիտելիքով և վստահորեն ուղղորդել գաղափարին կյանք տալու, դրամաշնորհային և զարգացման ծրագրերի դիմելու։

Ըստ մրցույթի պայմանների՝ նախապես ընտրված մասնակիցներից ձևավորվել են 5 թիմեր, որոնք 2 օրում, փորձագետների աջակցությամբ, մշակել են իրենց բիզնես-գաղափարը և 3-րդ օրը ներկայացրել մրցատյանին, որի կազմում էին ԵՄ ԻՐԻՍ բիզնես-ինկուբատորի գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը, Change Lab-ի ղեկավար Արտակ Ասլանյանը, ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, բիզնես-փորձագետներ Նունե Զադոյանը, Ալին Մասրլյանը և Գոհար Գրիգորյանը՝ ԻՐԻՍ բիզնես-ինկուբատորից։

Ամփոփված արդյունքները ներկայացրեց ԻՐԻՍ բիզնես-ինկուբատոր ծրագրի համակարգող և միջոցառումների կազմակերպիչ Նարինե Նասիբյանը: Ըստ այդմ՝ հաղթող է ճանաչվել Quick Charge թիմը, լավագույն հնգյակը շարունակում են VR Tourism 2, Agro drone, Lingo և Real work team թիմերը։ Շնորհավորելով մասնակիցներին՝ Նարինե Նասիբյանը նշեց, որ թեև նախապես նշվել էր, որ գաղափարատոնին մասնակից թիմերից միայն լավագույնին է հնարավորություն տրվելու փորձառություն անցնել Change Lab-ում, սակայն որոշվեց այդ հնարավորությունն ընձեռել բոլոր մասնակիցներին, որպեսզի նրանք կարողանան հղկել իրենց գաղափարները, դիմել SPARK ծրագրին և ստանալ ֆինանսավորում՝ սեփական ձեռնարկատիրական գաղափարն իրականացնելու համար։

asue.am հետ զրույցում Change Lab-ի ղեկավար Արտակ Ասլանյանը նշեց, որ երիտասարդները խանդավառությամբ են մասնակցել մրցույթին, և յուրաքանչյուր օրը հագեցած է եղել ստեղծագործական ու գործնական աշխատանքով։

«Մասնակիցներից շատերը եկել էին իրենց բիզնես-գաղափարով և այստեղ հարստացրել են այն, մյուս մասի մոտ էլ հենց մրցույթի օրերին են գաղափարներ ծնվել։ Մեր առաքելությունն է նրանց գաղափարներն ուժեղացնելը և, որպես մենթոր, ուղղորդելը, ինչը կանենք առաջիկա 2 շաբաթներին՝ Change Lab-ում։ Այսպիսով, այս մրցույթը ոչ միայն գաղափարատոն էր, այլև նոր կապերի հաստատման, հեռանկարների որոնման և փորձի փոխանակման հարթակ»,-ասաց Արտակ Ասլանյանը։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին