Տնտեսագիտական համալսարանն ու «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործընկերներ են. ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

07.06.2021
Դիտումների քանակ՝ 1055

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և «Արմենպրես» լրատվական գործակալությունը սկսում են լայն համագործակցություն, որի մեկնարկը տրվեց այսօր՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի և գործակալության տնօրեն Արամ Անանյանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։

Գործընկերությունը մեկնարկում է ակադեմիական հաստատությունների և զանգվածային լրատվամիջոցների համագործակցության կարևորության գիտակցմամբ և բավական լայն է՝ համալսարանի և  համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատանքների հանրայնացում, հետազոտական կենտրոնի կողմից գործակալությանը փորձագիտական կարծիքի և մասնագիտական տեղեկության տրամադրում, ուսանողների փորձառության, համատեղ միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև կդիտարկվի տնտեսագիտության և լրագրության ոլորտում համատեղ կրթական նախաձեռնությունների իրականացումը։

Ողջունելով հյուրերին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը նշեց, որ ՀՊՏՀ-ն գործընկերների լայն ցանց ունի, սակայն ԶԼՄ-ների հետ համագործակցության շարքում «Արմենպրես» լրատվական գործակալության հետ գործընկերությունը առաջինն է, և ուրախալի է, որ այն  սկսվում է նման հեղինակավոր լրատվամիջոցի հետ։ Բուհի ռեկտորն ընդգծեց, որ Տնտեսագիտական մայր բուհը բարեփոխումների շրջանում է, և այս համատեքստում շատ է կարևորում բուհի դրական կերպարի ստեղծումն ու լրատվամիջոցների հետ համագործակցությունը։

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը ևս ուրախություն հայտնեց ՀՊՏՀ-ի հետ համագործակցության համար՝ նշելով, որ այն իրականություն է դառնում ՀՊՏՀ ռեկտորի թիմի ջանքերի շնորհիվ։  Արամ Անանյանն ընդգծեց, որ գործակալության համար ևս համագործակցության առաջին և պատեհ առիթն է պրոֆիլային բուհի հետ, նշեց, որ տեղյակ է Տնտեսագիտական մայր բուհում կատարվող բարեփոխումներին և իր հիացմունքն արտահայտեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի  գործունեության վերաբերյալ։ «Իսկապես, մեծ աշխատանք է կատարում «Ամբերդ»-ը, ձեզ հաջողվել է ակումուլացնել թե՛ գիտելիքը, թե՛ հմտությունը և թե՛ փորձը»,- ասաց գործակալության տնօրենը և հավելեց. «Լիահույս եմ, որ մեր համագործակցությունը շատ ավելի մեծ արդյունք է ունենալու, քան ակնկալում ենք»։

Հուշագրի ստորագրումից հետո գործակալության տնօրենը այցելեց «Ամբերդ» հետազոտական կենտրոն, ծանոթացավ կենտրոնի գիտահետազոտական գործունեությանը։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին