Մեկնարկեց «ՀՊՏՀ ուսանողական գարուն – 2022» մարզամշակութային փառատոնը
Ե՞րբ և որտե՞ղ կարող եք տեսնել և զգալ հարյուրավոր ՀՊՏՀ-ականների սուր մրցակցությունը, բարձր մարզական ոգին և տարբեր ասպարեզներում իրենց լավագույնս դրսևորելու ցանկությունը, եթե ոչ «ՀՊՏՀ ուսանողական գարուն» մարզամշակութային փառատոնի շրջանակներում, որի բացումը տրվեց այսօր՝ ապրիլի 15-ին։
ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ողջունելով գեղեցիկ մարզամշակութային տոնի կազմակերպիչներին և մասնակիցներին, ասաց. «Սիրելի´ ուսանողներ, ամեն տարի մեծ հետաքրքրությամբ եմ հետևում փառատոնի ընթացքին, հատկապես՝ սպորտային մրցումներին, ոգևորվում և հիանում եմ ձեր անզուգական հատկանիշներով՝ վճռականությամբ, համախմբվածությամբ, նպատակասլացությամբ: Այս անգամ էլ խոստանում եմ ներկա գտնվել ամենահիշարժան հանդիպումներին՝ քաջալերելով բոլորիդ»։
Ուսանողներին ողջունեց նաև ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը՝ նշելով. «Մեր ամբիոնը այս փառատոնի անցկացումը կարևորում է հատկապես մրցակցային ու հաղթական ոգին բարձր պահելու տեսանկյունից։ Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես լավագույն մարզիկները մեր բուհը կներկայացնեն միջբուհական խաղերին»։
Իսկ ՀՊՏՀ ՈւԽ փոխնախագահ Վլադ Վարդանյանը բոլորին մաղթեց հագեցած ու հաճելի օրեր և ազդարարեց փառատոնի բացումը: