Ուսման վարձի զեղչ է տրամադրվել ՀՊՏՀ 757 ուսանողի

18.04.2022
Դիտումների քանակ՝ 2504

ՀՊՏՀ ուսումնական բաժնից ներկայացնում են 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի վճարովի ուսուցման համակարգի ուսանողների ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման վերաբերյալ ռեկտորատի 15.04.2022 թ. որոշման մանրամասները։

Որոշման համաձայն, 2021-2022 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի առաջադիմության հիման վրա ուսանողական նպաստների ձևով մասնակի փոխհատուցման (զեղչի) իրավունք է տրվել համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա համակարգերի բարձր առաջադիմություն ունեցող 757 ուսանողի` այդ թվում բուհի միջոցների հաշվին 100% փոխհատուցում ստացող 24 ուսանողի:

Այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում զեղչվել է 733 ուսանողի ուսման վարձ, այդ թվում՝ 248 ուսանող ուսման վարձի մասնակի փոխհատուցման իրավունք է ստացել եկամտային հարկի պահումով:

Զեղչվել է 12,0 և ավելի ՄՈԳ ունեցող 438 բակալավրի և 17,0 և ավելի ՄՈԳ ունեցող 47 մագիստրանտի ուսման վարձ, ինչպես նաև՝ 8,0-11,99 ՄՈԳ ունեցող 222 բակալավրի և 8,0-16,99 ՄՈԳ ունեցող 26 մագիստրանտի ուսման վարձ` եկամտային հարկի պահումով։

Ռեկտորատի որոշմամբ՝ եկամտային հարկի պահումով ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցում են ստացել ևս 53 ուսանողներ, որոնց կարգավիճակը ներառված չէ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման» կանոնակարգում։