ՀՊՏՀ ուսանողը ջրացատկի միջազգային մրցաշարում մրցանակային տեղեր է զբաղեցրել

25.02.2021
Դիտումների քանակ՝ 1463

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 3-րդ կուրսեցի Վլադիմիր Հարությունյանը փետրվարի 16-20-ը Կիևում կայացած ջրացատկի միջազգային բաց առաջնությունում՝ 10 մ սինքրոն ցատկ վարժությունում, զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ 10 մ անհատական ցատկերում՝ 3-րդ հորիզոնականը։ Առաջնությանը մասնակցել է 7 երկիր։

asue.am հետ զրույցում ՀՊՏՀ մարզիկը նշեց, որ ջրացատկով զբաղվում է արդեն 19 տարի՝ 4 տարեկանից։ Վլադիմիրը Եվրոպայի և Հայաստանի բազմակի չեմպիոն է, ուսանողական միջազգային ու հանրապետական առաջնությունների մասնակից, 2018 թ. ՀՀ լավագույն 10 մարզիկների ցանկում է, ինչպես նաև ՀՊՏՀ լավագույն մարզիկներից է։

«Պրոֆեսիոնալ սպորտով զբաղվող մարզիկի համար դժվար է համատեղել ուսումն ու սպորտը, բայց ես այնքան եմ սիրում իմ մասնագիտությունը, որ ջանում եմ լավ սովորել, հնարավորինս ամեն ինչ հասցնել, ավելին, նաև աշխատում եմ։ Դպրոցահասակ տարիներից երազել եմ ընդունվել ՀՊՏՀ, իսկ մարքեթինգն իմ սիրելի մասնագիտությունն է։ Առաջիկայում իմ համալսարանը կներկայացնեմ նաև միջազգային ուսանողական առաջնությունում»,-ասում է մարզիկն ու նշում, որ ապրիլին մասնակցելու է Տոկիոյում կայանալիք «Աշխարհի գավաթ» առաջնությանը, իսկ ամռանը՝ միջազգային ուսանողական խաղերին։

Մեր ուսանողին մաղթում ենք մարզական նորանոր հաջողություններ։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին