ՀՊՏՀ-ում եզրափակվել է հերթական կարճաժամկետ դասընթացը․ մասնակիցները ձեռք են բերել մարդկային ռեսուրսների կառավարման կարողություններ
ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի կողմից կազմակերպված «Մարդկային ռեսուրսների կառավարման հիմունքներ» դասընթացը, երեկ՝ փետրվարի 22-ին, ամփոփվել է։ Հունվարի 26-ին մեկնարկած դասընթացի մասնակիցների մասնագիտական շրջանակը լայն է եղել՝ ՀՊՏՀ աշխատակիցներ, ուսանողներ, շրջանավարտներ և թեմայով հետաքրքրված անձինք։
Այս մասին հայտնում են նշված բաժնից և հիշեցնում, որ դասընթացը վարել է հայաստանյան մի շարք կազմակերպություններում HR խորհրդատվություն իրականացրած մասնագետ, քոուչ, “Basic Corporation” կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման բաժնի ղեկավար Նանե Զեյնալյանը:
Դասընթացն ավարտելու առիթով մասնակիցներին երեկ շնորհավորել է ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը` նշելով, որ ՀՊՏՀ-ն հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում հաջողությամբ դիրքավորվել է կարճաժամկետ դասընթացների շուկայում` փորձելով կոտրել այն կարծրատիպը, որ բուհը տալիս է միայն ակադեմիական գիտելիք:
«Բուհը կարող է ոլորտի լավագույն մասնագետների ներգրավման միջոցով կազմակերպել կարճաժամկետ դասընթացներ՝ ինչպես ուսանողների, այնպես էլ աշխատակիցների և արտաքին շահառուների գործնական գիտելիքը համալրելու նպատակով»,-նշել է դեպարտամենտի տնօրենը։ Նա կարևորել է Նանե Զեյնալյանի հետ արդյունավետ համագործակցությունը` հույս հայտնելով երկարաժամկետ փոխգործակցության։ Լուսինե Դանիելյանը մասնակիցներին մաղթել է, որ դասընթացի արդյունքում ստացած գիտելիքը և հմտությունները նպաստեն նրանց հետագա աշխատանքային գործունեությանը։
asue.am-ի խնդրանքով մասնակիցները կարծիքներ են հայտնել դասընթացի մասին։ Գոհունակություն հայտնելով թե՛ դասընթացի, թե՛ դասընթացավարի վերաբերյալ՝ նրանք ընդգծել են, որ նյութը մատուցվել է մատչելի։
ՀՊՏՀ շրջանավարտ Քրիստինե Հովակիմյանն ասաց, որ ընդհանուր տեսական և գործնական գիտելիքներից բացի, որոնք կիրառելի կլինեն հետագա աշխատանքում, այս դասընթացը հնարավորություն էր աշխատանքի դիմելու գործընթացը այլ տեսանկյունից դիտարկելու։
ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․ Նարինե Խալաթյանը նշեց, որ վերապատրաստումն իրականացվել է հավուր պատշաճի․ «Այս դասընթացը մեզ օգնեց ձեռք բերել HR հմտություններ և կարողություններ։ Վերապատրաստվողները ստացան իրենց հուզող հարցերի լիարժեք պատասխանները։ Նանե Զեյնալյանը լավ պատրաստված մասնագետ է, և մենք շնորհակալություն ենք հայտնում նրան՝ մեր ստացած խորքային գիտելիքների համար, որոնք, կարծում եմ, կկիրառենք համապատասխան ոլորտում աշխատանք իրականացնելիս»։
Դասընթացավար Նանե Զեյնալյանը նշեց, որ մասնակիցները բավականին ակտիվ են եղել, առկա են դասընթացի ավարտին իրականացված գիտելիքի ստուգման լավ արդյունքներ, և սա կարևոր ցուցիչ է (գործընթացը բաղկացած է եղել գիտելիքը ստուգող թեստային մասից, դրանից բացի, մասնակիցները ինքնուրույն, ստացած գիտելիքների հիման վրա, մշակել են հավաքագրման պլան, որը դասընթացավարը բարձր է գնահատել):
Մասնակիցները նաև գոհունակություն են հայտնել դասընթացի առցանց անցկացման ձևաչափի վերաբերյալ։
Հավելենք, որ սա ՀՊՏՀ կողմից առցանց կազմակերպված երրորդ դասընթացն էր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին