ՀՊՏՀ ուսանող Ժորա Ստեփանյանը՝ «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի մրցանակակիր

04.02.2022
Դիտումների քանակ՝ 1165

Այսօր՝ փետրվարի 4-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որտեղ ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի «Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող, շարունակական կրթության բաժնի աշխատակից Ժորա Վաչագանի Ստեփանյանը 3-րդ մրցանակային տեղն է գրավել մագիստրոսի կրթական ծրագրով հասարակագիտության ոլորտում:

Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, բուհերի ռեկտորներ և ուսանողներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ մրցույթում հաղթող են ճանաչվել 34 ուսանողներ, որոնցից 16-ը՝ բակալավրի կրթական աստիճանով, իսկ 18-ը՝ մագիստրոսի: Նրա խոսքով՝ 1-ին տեղը զբաղեցրել է 13 ուսանող, որոնց կշնորհվի 445.000-ական դրամ, 2-րդ տեղը՝ 11 ուսանող, որոնք կստանան 345.000-ական դրամ, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 10 ուսանողի կշնորհվի 220.000-ական դրամ կրթաթոշակ:

Շնորհավորելով հանրապետության լավագույն ուսանողներին կարևոր ձեռքբերման համար՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելը հպարտանալու առիթ է, բայց միևնույն ժամանակ պատասխանատվություն է և ձեռք բերածը նորովի վերարժևորելու ու հաջողությունը շարունակելու կարևոր նախապայման: Նրա խոսքով՝ մրցույթի նպատակն է բացահայտել ու խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում:

«Ինձ համար պարտավորեցնող է ներկայացանել իմ սիրելի համալսարանը։ Այս մրցույթը նաև մարտահրավեր էր ինքս ինձ համար, քանի որ 2019-ին դարձել եմ ՀՊՏՀ «Հասարակական ակտիվություն ցուցաբերող լավագույն ուսանող», և սա ևս մեկ քայլ էր դեպի իմ երազնաքների գագաթը»,-վերադարձից հետո asue.am-ին ասաց Ժորա Ստեփանյանը, ով որպես մրցանակ ստացել է 220 հազար ՀՀ դրամ անվանական կրթաթոշակ և նվեր։

Նշենք, որ մրցույթն անցկացվել է ըստ կրթական աստիճանների` բակալավր ու մագիստրոս, և ըստ 7 ոլորտների՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ:

Հանդիսավոր արարողության մասին մանրամասները, ինչպես խոստացել էինք նախապես, կարող եք կարդալ ԿԳՄՍՆ կայքում՝ հետևյալ հղումով։