«Դասախոսական գավաթ-2022» միջբուհական մարզական խաղերն ամփոփված են

04.02.2022
Դիտումների քանակ՝ 850

Այսօր ՀՊՏՀ-ում մարզական տոն էր. «Դասախոսական գավաթ-2022» խաղերի կազմակերպիչները՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը, ծրագրում ներառված 7 մարզաձևերի՝ արագ շախմատ, հրաձգություն, բադմինտոն, սեղանի թենիս, ուժային եռամարտ, պարանի ձգում և վոլեյբոլ, հաղթողներին պարգևատրեցին մեդալներով, գավաթներով, հուշանվերներով:

Հունվարի 25-ից փետրվարի 4-ն ընթացող «Դասախոսական գավաթ»-ի մրցումներն աչքի ընկան ոչ միայն մասնակից թիմերի քանակով, այլև աննախադեպ ակտիվությամբ. եթե նախկինում հիմնականում մասնակցում էին բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնները, ապա տարեցտարի պատկերը փոխվում է՝ մարզական խաղերին սկսել են ներգրավվել բուհերի այլ ամբիոնների դասախոսներ ևս: Այս տարի մասնակցում էին հանրապետության 13 բուհերի ավելի քան 250 դասախոսներ ու աշխատակիցներ։

Ողջունելով մասնակիցներին՝ Դիանա Գալոյանը կարևորեց նման միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը, մասնակիցների ակտիվությունը, համախմբվածությունն ու մարզական ոգին:

«Ուրախ եմ, որ Տնտեսագիտական համալսարանը, բացի իր բուն գործունեությունից և գիտական ու կրթական հետազոտություններ իրականացնելուց, ակտիվ մասնակցություն ունի նաև սպորտային միջոցառումների կազմակերպման գործում, ինչի համար ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանին, ով միշտ կարևորում է առողջ ապրելակերպն ու սպորտով զբաղվելը»,- նշեց ՀՊՏՀ ռեկտորը։

Շնորհավորելով բոլոր հաղթողներին՝ Դիանա Գալոյանը պարգևներ հանձնեց առաջնությունների թիմային և անհատական պայքարում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղ գրաված մասնակիցներին։

Եվ այսպես, ուժային եռամարտի առաջնությունում մինչև 100 կգ քաշային կարգերում չեմպիոնի տիտղոսին արժանացան Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) ներկայացուցիչները, իսկ 100 և ավելի քաշային կարգում 1-ին հորիզոնականը գրավեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս Արման Գուլյանը։

Հրաձգության մրցումների տղաների պայքարում 1-ին տեղը գրավեց ԵՊՀ ներկայացուցիչ Նարեկ Ղուկասյանը, աղջիկների պայքարում՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս Ռոզա Հովհաննիսյանը։ Թիմային պայքարում առաջատարը կրկին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանն էր։

Պարանի ձգման մրցույթում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց ՀՖԿՍՊԻ-ին, արագ շախմատի առաջնության աղջիկների պայքարում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանից (ՀԱԱՀ) Հերմինե Մխիթարյանը, տղաների պայքարում՝ ՀՊՏՀ ներկայացուցիչ Վահրամ Նալչաջյանը։

Բադմինտոնի առաջնության տղաների պայքարում 1-ին հորիզոնականը գրավեց ԵՊՀ ներկայացուցիչ Դավիթ Մինասյանը, աղջիկների պայքարում առաջատարը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից Ալինա Շալջյանն էր։

Սեղանի թենիսի թիմային պայքարում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) թիմը։

Եվ վերջապես, մեծ ժողովրդականություն վայելող վոլեյբոլի առաջնության հաղթող ճանաչվեց ՀԱԱՀ թիմը։ Ի դեպ, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան իր հերթին նվերներ հանձնեց առաջնության երեք լավագույն խաղացողներին։

Շնորհավորելով «Դասախոսական գավաթ-2022»-ի բոլոր մասնակիցներին ու հաղթողներին՝ Հովհաննես Գաբրիելյանը հույս հայտնեց, որ շուրջ 10 տարի շարունակվող մարզական այս միջոցառումը հետագայում է՛լ ավելի կընդլայնի իր սահմանները՝ մեծաթիվ մարզասերների ընդգրկելով առողջ ապրելակերպի և առողջ մրցակցության առաջնություններում։