ՀՊՏՀ ուսանողները Սամարայում մասնակցել են «Ռուսաստանյան ուսանողական գարուն» փառատոնին

27.05.2022
Դիտումների քանակ՝ 1316

ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներ Արևիկ Սանամյանն ու Վիգեն Ներսեսյանը օրերս են վերադարձել ՌԴ Սամարա քաղաքից։ Մայիսի 18-24-ը ՀՊՏՀ-ականները մասնակցել են «Ռուսաստանյան ուսանողական գարուն» համառուսաստանյան 30-րդ փառատոնին։

ՌԴ գիտության և բարձրագույն կրթության, ինչպես նաև մշակույթի նախարարությունների հովանու ներքո անցկացվող փառատոնի նպատակը ուսանող երիտասարդության շրջանում հոգևոր և մշակութային առաջընթացի ապահովումն է, գեղագիտական արժեքների պահպանումն ու զարգացումը, սոցիալական ինտելեկտի աճի ապահովումը:

Փառատոնին մասնակցել են ՌԴ 85 բուհերի ավելի քան 3500 ուսանողներ և շուրջ 200000 հանդիսատես ԱՊՀ երկրներից։ ՀՀ ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ Հայաստանից փառատոնին ներկա են գտնվել չորս ուսանողներ, որոնցից երկուսը՝ ՀՊՏՀ-ից։

Փառատոնի շրջանակում մեր ուսանողները մասնակցել են դասախոսությունների, ուսուցողական, մշակութային, սպորտային և ինտելեկտուալ միջոցառումների, ծանոթություններ են հաստատել, զբոսնել Վոլգայի մերձափնյա վայրերում, հաղորդակցվել ռուսական մշակույթին, ներկայացրել յուրաքանչյուրն իր երկրի մշակույթը, երգն ու պարը։

Ռուսաստան կատարած այցից մեր ուսանողների ստացած տպավորություններն անկրկնելի են։ Խոստովանում են՝ ամեն ինչ հրաշալի էր՝ չհաշված եղանակը։ Այնքան են խանդավառված, որ որոշել են հաջորդ տարի այստեղ էլ նմանատիպ փառատոն կազմակերպել։