ՀՊՏՀ ուսանողներն ու ֆինանսատնտեսագիտական քոլեջի սաները հյուրընկալվեցին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում

Դիտումների քանակ՝ 2445

Միավորված ազգերի կազմակերպության օրվա առիթով, որը խորհրդանշում է ՄԱԿ-ի հիմնարար կանոնադրության ծնունդը, հոկտեմբերի 24-ին, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում, կազմակերպության տարբեր ոլորտների համակարգողների հետ հանդիպմանը, ի թիվս հայաստանյան մի շարք բուհերի ուսանողների (Երևանի պետական, Հայ-ռուսական, Ամերիկյան, Ֆրանսիական համալսարանների), մասնակցել են նաև ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի, ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի շուրջ երկու տասնյակ ուսանողներ: Նրանց ուղեկցել են ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտներ Լուսինե Աղաջանյանը և Անուշ Անանյանը:
Այցի մասին մեզ մանրամասներ ներկայացրեց միջազգային արժութաֆինանսական հարաբերություններ մասնագիտության 1-ին կուրսի մագիստրանտ Սուրեն Մինասյանը, որը տպավորված էր տեղեկատվական հանդիպումից և իր համար ծավալուն օգտակար նյութ էր քաղել:
«ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցների հետ հանդիպումը հետաքրքրական ու արդյունավետ էր և համակողմանի տեղեկություն ու գիտելիք տրամադրեց կազմակերպության գործունեության վերաբերյալ: Մասնավորապես, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի, մյուս ներկայացուցիչների՝ Գայանե Նասոյանի, Ծովինար Հարությունյանի, Աննա Կարին Օստի, Տանյա Ռադոչայի, Անահիտ Սիմոնյանի, Եգոր Զայցևի, Արմինե Հալաջյանի ելույթներում մեզ համար տեսանելի դարձավ կազմակերպության առաքելությունը, որդեգրած սկզբունքներն ու նպատակները, հայաստանյան գործունեությունը՝ ըստ առանձին ոլորտների: Նրանց հետ հարցուպատասխանի միջոցով պարզաբանեցինք շատուշատ խնդիրներ, խոսեցինք նաև հայաստանյան վերջին իրադարձությունների, ժողովրդավարական հասարակության ձեռքբերումների մասին»:
ՄԱԿ-ի ներկայացուցիչները ուսանողներին նվիրել են կազմակերպության կողմից հրատարակված նոր գրքեր, ամսագրեր, տեղեկատվական գրքույկներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին