Ծանոթացում բիզնեսի ֆինանսավորման ժամանակակից մեթոդներին. դասն անցկացրեց հրավիրված մասնագետը
ՀՊՏՀ դասախոսները շարունակում են ուսումնական պարապմունքներում նոր մոտեցումների ներդրումը՝ նոր ձևաչափի դասաժամերով՝ հավասարապես կարևորելով թե' տեսական, թե' գործնական գիտելիքի փոխանցումն ուսանողներին: Այսօր հերթական բաց դասը բիզնեսի գնահատում մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսում էր՝ «Բիզնեսի կառուցման նախագիծ առարկայի» դասաժամին: Կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի ասիստենտ Արթուր Եղիազարյանի հրավերով դասը վարելու էր եկել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիումի դեպոզիտար համակարգի սպասարկման դեպարտամենտի ղեկավար Լևոն Կլեկչյանը:
Մեզ հետ զրույցում դասախոս Արթուր Եղիազարյանը, մեկնաբանելով իր նախաձեռնությունը, ասաց, որ նպատակն է նոր հիմնադրվող կազմակերպությունների և ստարտափերի ֆինանսավորման ժամանակակից եղանակները առավել գործնական տեսանկյունից պարզաբանել մագիստրանտների համար:
Դասի թեման «Ներդրումային քրաութֆանդինգն» էր: Դեպոզիտարիումի ներկայացուցիչը մանրամասնեց քրաութֆանդինգ մեթոդի էությունը, դրա կիրառման նպատակահարմարությունը, հաջող ներդրումային քրաութֆանդինգ իրականացնելու նախապայմանները: Նա առանձին-առանձին վերլուծեց քրաութֆանդինգի հիմնական ուղղությունները (կոմերցիոն նախագծերի ֆինանսավորում, կառուցապատում և տարածքի կահավորում, բարեգործություն, վիրահատություն և բուժում և այլն), հակիրճ անդրադարձավ ստարտափների ֆինանսավորման մեթոդներին: Դասի 2-րդ հատվածում Լևոն Կլեկչյանը սպառիչ պատասխաններ տվեց ուսանողների հարցերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին