Հայտնի են «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի դրամաշնորհային մրցույթի հաղթող ՀՊՏՀ ուսանողները

19.07.2021
Դիտումների քանակ՝ 4704

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության և www.insurebusiness.am ապահովագրական-վերլուծական կայքի կողմից ՀՊՏՀ ուսանողների համար հայտարարված դրամաշնորհային մրցույթի ամփոփումը տեղի ունեցավ հուլիսի 17-ին: ՀՊՏՀ 4 ֆակուլտետները (կառավարում, ֆինանսական, ՏԿ և ՄՏՀ, ինֆորմատիկայի և վիճակագրության) ներկայացնող վերլուծական թիմերը շնորհանդեսի ընթացքում մրցութային հանձնաժողովին ներկայացրին իրենց երկամսյա հետազոտական աշխատանքի արդյունքը:

Միջոցառմանը ներկա էին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը, անդերրայթինգի բաժնի ղեկավար Լևոն Քոչարյանը և ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ Աշոտ Մարդոյանը, ՀՊՏՀ կարիերայի կենտրոնի պետ Տաթևիկ Վարդանյանը: Վերջինս, asue.am-ին ներկայացնելով մրցութային իրավիճակը, ընդգծեց, որ մեր ուսանողները հիանալի պատրաստված էին, խորությամբ էին ուսումնասիրել թեմաները, կատարել էին դաշտային աշխատանք. կազմել էին հարցաթերթիկներ, անցկացրել հարցումներ և կարողացան նաև համակողմանի ու գրագետ ներկայացնել հետազոտական արդյունքը:

Դրամաշնորհային մրցույթի հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի վիճակագրություն մասնագիտության 3-րդ կուրսեցիների թիմը, որի անդամներն են Լիլիթ Ղազարյանը, Միլանա Հուսիկյանը, Անգելինա Աղաբաբյանը, Գեղեցիկ Դալլաքյանը, հետազոտության թեման՝ «ՀՀ-ում ապահովագրության ճանաչելիության գնահատում՝ հիմնված սոցհարցումների վրա»: Հաղթող թիմը պարգևատրվել է միանվագ 300,000 ՀՀ դրամով, իսկ մյուս թիմերը կիսել են 2–րդ և 3-րդ տեղերը՝ ստանալով 100,000-ական ՀՀ դրամ: Նրանց հետազոտությունները «Կյանքի ապահովագրության ներդրման հնարավորությունը բանկային և կենսաթոշակային պրոդուկտների հետ միասին» և «Insuretech – թվային ապահովագրական ընկերությունները աշխարհում, և ՀՀ-ում այդպիսի ընկերության հիմնադրման հնարավորությունները» թեմաներով էին:

Բոլոր մասնակիցներն արժանացել են շնորհակալագրերի:

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Տաթևիկ Վարդանյանը, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը պատրաստակամ է մրցույթի բոլոր մասնակիցներին հրավիրելու անհատական հարցազրույցների՝ դիտարկելով նրանց՝ փորձառության կամ աշխատանքի հնարավորությունը «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ում:

ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ Աշոտ Մարդոյանը շնորահակալություն է հայտնել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության ղեկավարությանն ու աշխատակազմին՝ ընդգծելով, որ նման միջոցառումները կրթական գործընթացը հարստացնում են գործնական գիտելիքով, հետազոտական փորձով և հետագայում մասնագիտական բարձրորակ աշխատանքի նախադրյալ դառնում:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին