ՀՊՏՀ ուսանողները՝ Հայաստանի ջրային ռեսուրսների տվյալների հեքեթոնի հաղթողներ

01.11.2024
Դիտումների քանակ՝ 630

Եվրոպական միության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Շրջակա միջավայրի նախարարության համատեղ ջանքերով հոկտեմբերի 23-24-ը Հանքավանի «Նաիրի Սպա Ռեզորթս» հյուրանոցում անցկացվել է հեքեթոն՝ նվիրված է ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը։

«Հայաստանի ջրային ռեսուրսների տվյալների հեքեթոնը» իր շուրջ էր համախմբել 18-35 տարեկան 34 երիտասարդների՝ միասնական ջանքերով մշակելու թվային լուծումների գաղափարներ՝ ուղղված ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը։ Այդ երիտասարդների շարքում էին ՀՊՏՀ «Բնապահպանություն և բնօգտագործում» և «Բնօգտագործման տնտեսագիտություն» մասնագիտություններով սովորող 17 ուսանողներ՝ բակալավրիատի 1-3-րդ կուրսեցիներ և մագիստրանտներ։ ՀՊՏՀ մասնակիցներին ուղեկցում էին բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ Նարինե Խալաթյանը, դասախոսներ Հռիփսիմե Մելյանը և Աննա Մարգարյանը։

Ուրախությամբ տեղեկացնենք, որ մեր ուսանողները փայլուն են հանդես եկել հեքեթոնի շրջանակում՝ իրենց թիմակիցների հետ միասին գրավելով 1-ին, 2-րդ, 3-րդ հորիզոնականները, ստանալով դրամական պարգևներ և արժանանալով հավաստագրերի։

«Մեր ուսանողներն ընդգրկված էին բոլոր խմբերում և կարողացան լավագույն հանդես գալ՝ ի ցույց դնելով և միաժամանակ խորացնելով ջրային ոլորտի վերաբերյալ իրենց գիտելիքները, ձեռք բերելով նոր հմտություններ։ Նրանք կարողացան թիմային աշխատանքում մշակել թվային լուծումներ, հանդես գալ ուշագրավ առաջարկություններով, նորաստեղծական գաղափարներով, ինչը մեզ՝ դասավանդողներիս համար ոգևորության և հպարտության առիթ էր»,- asue.am-ի հետ զրույցում ասաց Նարինե Խալաթյանը։

Հավելենք, որ երկու օրվա ընթացքում երիտասարդները հնարավորություն են ստացել աշխատել ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի, Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակի փորձագետների և Շրջակա միջավայրի նախարարության մասնագետների հետ՝ ձեռք բերելով ոչ միայն ոլորտային գիտելիք, այլև տվյալների վերլուծության, մշակման և կիրառման հմտություններ։