ՀՊՏՀ-ն միավորել էր երիտասարդ նորարարներին. միջազգային մրցույթի հաղթողները հայտնի են (լուսանկարներ)
«Էրազմուս+»-ի «Բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ երիտասարդների ձեռներեցության համար» ծրագրի շրջանակներում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց "StartUp-Project" միջազգային երիտասարդական մրցույթը: Այսօր ՀՊՏՀ մեծ դահլիճում մրցույթի մասնակիցները, կազմակերպիչները և միջազգային ժյուրին ներկա գտնվեցին բացման հանդիսավոր արարողությանը, ապա 87 հայտերից նախնական փուլով ընտրված 18 երիտասարդական թիմերը հանդես եկան իրենց բիզնես նախագծերի շնորհանդեսներով: Ներկայացուցիչներ կային հայաստանյան և արտերկրի (տարածաշրջանի) կրթօջախներից. մրցակցում էին ՀՊՏՀ-ի, Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի, Եվրոպական համալսարանի, Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի, Վինիցայի ազգային ագրարային համալսարանի (Ուկրաինա), Կարագանդայի պետական համալսարանի (Ղազախստան), Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 18 թիմերը: Մասնակցում էին 1-5 հոգուց բաղկացած խմբեր, որոնք 15-35 տարեկան երիտասարդ գործարարներ, ուսանողներ, ասպիրանտներ էին, ունեին նորարարական բիզնես գաղափարներ և ցանկություն` իրականացնելու դրանք: Միջազգային ժյուրիի կազմում ներգրավված էին Արևելյան գործընկերության երկրների և Եվրամիության գործարար շրջանակների և բիզնես կազմավորումների ներկայացուցիչներ:
Շնորհանդեսներից հետո մրցատյանը վերլուծեց ու գնահատեց նախագծերը. 1-3-րդ մրցանակային տեղերը բաշխվեցին այսպես՝ 1-ին տեղը զբաղեցրեց «Doctor Math» միացյալ թիմը, որի անդամները հայաստանյան տարբեր բուհերից էին (այդ թվում՝ ՀՊՏՀ-ից) , 2-րդը՝ «Ոսկանյան պարֆյում» թիմը, որը ներկայացնում էր ՀՊՏՀ-ն, 3-րդը՝ “Автоматизированная гидроферма” ուկրաինական համալսարանի թիմը: Մրցանակներ շնորհվեցին նաև 4 անվանակարգերում՝ «Ամենանորարարական», «Ամենաերիտասարդական», «Ամենակիրառելի», «Ամենաավանդական»: Նրանք ստացան մրցանակներ ու հավաստագրեր, առաջին տեղը զբաղեցրած թիմը՝ նաև գավաթ և հնարավորություն՝ մասնակցելու բիզնես սեմինարի: Իսկ մնացած թիմերը ստացան մասնակցության հավաստագրեր:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց հաղթող թիմի ներկայացուցիչ, ՀՊՏՀ ասպիրանտ Անի Սարգսյանի հետ, ով նշեց, որ իրենց նախագիծը, ըստ էության, առցանց կրթական հարթակ է, որը աշակերտներին դյուրին և գրավիչ մեթոդներով սովորեցնում է մաթեմատիկա: Այն բջջային հավելված է, որի մշակման համար թիմը երկու տարի աշխատել է:
Շնորհավորում ենք մրցույթի հաղթողներին, կազմակերպիչներին և մասնակիցներին:
Հիշեցնենք, որ «StartUp-Project» միջազգային երիտասարդական մրցույթն անցկացվեց «Էրազմուս+» ծրագրի «Բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ երիտասարդների ձեռներեցության համար» («HEIFYE») ծրագրի շրջանակներում: Ծրագրի հիմքում ընկած է երիտասարդների ձեռներեցության ինտենսիվացման գաղափարը Արևելյան գործընկերության երկրներում և այդ երկրների ու Եվրոպական միության միջև՝ կիրառելով Արևելյան գործընկերության երկրներում հաջողված բիզնես մոդելների մշակման փորձը: «StartUp-Project» միջազգային երիտասարդական մրցույթի նպատակն է ձեռնարկատիրական նախաձեռնությունների և ստեղծագործական մտածելակերպի զարգացումը, բիզնես մոդելավորման հմտությունների ընդլայնումը և բիզնես պլանավորումը, ինչպես նաև բիզնես գաղափարների գնահատումը:
«HEIFYE» ծրագրի ՀՊՏՀ համակարգողն է ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ Դիանա Գալոյանը, մրցույթի կազմակերպմանն աջակցել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին