ՀՊՏՀ կամավորները պարգևատրվեցին հավաստագրերով
Տարաբնույթ միջոցառումներին ակտիվ ներգրավվածության և կամավորական աշխատանքների պատշաճ կատարման համար ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն այսօր հավաստագրեր հանձնեց չորս տասնյակ ուսանողների:
Բարձր գնահատելով կամավորական աշխատանքի դերը՝ Դիանա Գալոյանը մասնավորապես ընդգծեց «Կրթություն և կարիերա EXPO-2023» և «Բաց դռներ» միջոցառումների կազմակերպման գործում կամավորների բարեխիղճ և հետևողական աշխատանքը։ Կամավորությունը, ռեկտորի փոխանցմամբ, խրախուսվում է պետական մակարդակով, աշխատանքի ընդունման գործընթացում այն դիտարկվում է որպես փորձ և դրական դեր խաղում ուսանողների մասնագիտական աճի ընթացքում։
«Կամավորության մշակույթի զարգացումը ՀՊՏՀ ղեկավարության ուշադրության կենտրոնում է։ Մենք բարձր ենք գնահատում բուհին անշահախնդիր ծառայելու ձեր ջանքերը, և համոզված եղեք՝ համալսարանն իր հերթին պատրաստ է աջակցելու ձեզ»,- ասաց ՀՊՏՀ ռեկտորը՝ գոհունակությամբ ընդգծելով, որ կամավորների աշխատանքի արդյունքը չի վրիպել անգամ «Կրթություն և կարիերա EXPO-2023» ամենամյա ցուցահանդեսի կազմակերպիչների և ՀՊՏՀ տաղավարի այցելուների ուշադրությունից։
«ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի բաժինների աշխատակիցներն ու, իհարկե, մեր կամավորները ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի ՀՊՏՀ տաղավարը առանձնահատուկ, գրավիչ ու հյուրընկալ լինի։ Կարծում եմ՝ դա մեզ հաջողվեց, ինչի մասին վկայում են դրական ու ոգեշնչող արձագանքները։ Հորդորում եմ ձեզ՝ կանգ չառնել և ձեր մասնակցությունը բերել մայիսի 5-ին համալսարանի բակում կազմակերպվող Աշխատանքի տոնավաճառին, ինչպես նաև մայիսին նախատեսվող երկու միջազգային խոշոր իրադարձություններին, որոնք անցկացվելու են Տնտեսագիտական համալսարանում»,-ասաց Դիանա Գալոյանը։
Կամավորների հանրօգուտ և շնորհակալ աշխատանքը բարձր գնահատեց նաև շարունակական կրթության բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը։ Ապա տեղի ունեցավ ՀՊՏՀ տարբեր ֆակուլտետներ և կուրսեր ներկայացնող չորս տասնյակ ուսանողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառումը նշանավորվեց ռեկտորի, արտաքին կապերի դեպարտամենի աշխատակիցների և կամավորների համատեղ խմբային լուսանկարով։