Փոխգործակցության մեկնարկ Նիժնի Նովգորոդի Լոբաչևսկու անվան պետական համալսարանի հետ

26.04.2023
Դիտումների քանակ՝ 728

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ընդլայնում է միջազգային համագործակցության աշխարհագրությունը։ Այսօր ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը հյուրընկալեց Նիժնի Նովգորոդի Լոբաչևսկու անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Օլեգ Տրոֆիմովին և միջազգային գործունեության և ցանցային փոխգործակցության գծով պրոռեկտոր Ալեքսանդր Բեդնիին։ Հանդիպմանը ներկա էր ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը։

Ողջունելով հյուրերին՝ ՀՊՏՀ ռեկտորը ներկայացրեց Տնտեսագիտական համալսարանի գործունեության առանցքային ուղղությունները, շեշտեց, որ ՀՊՏՀ-ում գործում է միջազգային վարկանշավորում ունեցող «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, անդրադարձավ փոխանակման և կրթական ծրագրերին։ Ընդգծելով ՀՊՏՀ սերտ համագործակցությունը ռուսաստանյան բուհերի հետ՝ ռեկտորը պատրաստակամություն հայտնեց քննարկելու նշված բոլոր ուղղություններով առկա հնարավորությունները։

Ռեկտորի պաշտոնակատար Օլեգ Տրոֆիմովը շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար, ապա ներկայացրեց իրենց բուհի գործունեությունը և ընդգծեց, որ հետաքրքրված են թե՛ փոխանակման, թե՛ գիտահետազոտական և թե՛ համատեղ դրամաշնորհային ծրագրերի իրականացմամբ։ Պրոռեկտոր Ալեքսանդր Բեդնին նշեց՝ Նիժնի Նովգորոդը ակտիվ քաղաք է, բազում ծրագրեր, միջոցառումներ է իրականացնում և գրավիչ է ոչ միայն զբոսաշրջիկների, այլև ուսանողների համար։ Նա հավելեց, որ Լոբաչևսկու անվան պետական համալսարանը սերտ միջազգային կապեր է իրականացնում և հետաքրքրված է գիտահետազոտական ծրագրերով։

Պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը խոսեց համատեղ գիտաժողովներ, քննարկումներ, հետազոտական ծրագրեր իրականացնելու մասին և ընդգծեց՝ գիտական ուղղությունը համագործակցության մեծ ներուժ ունի։

Գործնական հանդիպումն ավարտվեց համագործակցության հուշագրի ստորագրմամբ։