«ՀՊՏՀ. որտեղ և՛ սովորեցնում ես, և՛ սովորում». հարցազրույց ՀՊՏՀ պրոֆեսոր Զոյա Թադևոսյանի հետ

Դիտումների քանակ՝ 3240

Հարգելի′   ՀՊՏՀ-ականներ, asue.am-ը շարունակում է մեր սիրելի բուհի 45-ամյակին նվիրված բլից հարցազրույցների շարքը: Այսօր մեր զրուցակիցն է միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյանը:

-Տիկին Թադևոսյան, մեկ բառով կամ արտահայտությամբ նկարագրեք Ձեր ՀՊՏՀ-ն:

-Համալսարանական «դպրոց», որտեղ և՛ սովորեցնում ես, և՛ սովորում:

-Քանի՞ տարի է` աշխատում եք ՀՊՏՀ-ում:

-42 տարի:

-Ի՞նչն է Ձեզ ամեն օր համալսարան բերում:

-Ուսանողը, որին սիրել և սիրում եմ առանց նախապայմանների:

-Կհիշե՞ք` երբ եք առաջին անգամ ոտք դրել ՀՊՏՀ, միգուցե, որպես ուսանող…

-Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: ՀՊՏՀ առաջին անգամ ոտք եմ դրել որպես ռեկտորի օգնական, 1978 թ. օգոստոսին: Ինձ համար հարազատ միջավայր էր, իմ նախկին դասախոսներն էին, ուսանողական ընկերներ, որոնք աշխատանքի էին անցել այդ բուհում:

-Ո՞վ է Ձեր կյանքում ուսուցչի դեր ստանձնած այն մարդը, որին հանդիպել եք ՀՊՏՀ-ում:

-Հարություն Խոնդկարյանը, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, իսկական մտավորական, բարձր ինտելեկտով: Դասախոսություն կարդում էր առանց գրավոր տեքստի, տիրապետում էր հռետորական արվեստին: Տնտեսական պատմության մեծ գիտակ էր և պարզապես իսկական ուսուցիչ:

-Եթե դասախոս չդառնայիք…ո՞ր ոլորտում կլինեիք:

-Այս մասին մտածելու ժամանակ չեմ ունեցել: Գերազանցության դիպլոմով ավարտել եմ համալսարանը, հետո ասպիրանտուրա…Բնական ճանապարհ…Դասախոսական աշխատանքին նախապատվություն տալու պատճառը հենց տնտեսագետ լինելն է: Իրավաբան էի ցանկանում դառնալ: Որոշումս փոխեցի զուտ այն պատճառով, որ իրավաբանական ֆակուլտետում «Մաթեմատիկա» առարկայից քննություն չեն հանձնում: Այդ առարկայի նկատմամբ սերն էլ ինձ դարձրեց տնտեսագետ:

-Ի՞նչն է միավորում ՀՊՏՀ-ականներին:

-Պատվախնդրությունը:

- ՀՊՏՀ-ն Ձեզ հպարտանալու առիթներ ընձեռո՞ւմ է:

-Եթե նախկինում ՀՊՏՀ-ում զավակ էի, ապա այժմ ծնող եմ, ուստի փնտրում եմ հիմնականում հպարտանալու առիթներ:

-Ինչի՞ հետ է ասոցացվում մեր սիրելի համալսարանը Ձեր մտապատկերում:

-Ընտանիքի: Ընտանիքին բնորոշ ջերմությամբ և տարաձայնություններով, աշխատասեր և ծույլ, պատասխանատու և անպատասխանատու, պատրաստակամ և մի կողմ քաշված «երեխաներով»  ընտանիքի, որի անդամները միմյանցից տարբեր լինելով՝ փորձում են իրենց առջև դրված նպատակները պատվով հաղթահարել:

-Ո՞րն է Ձեզ համար բուհի ամենատաքուկ անկյունը:

-Մեր՝ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնը: Ընդ որում, միակ տաք անկյունն է: Ինձ համար:

- ՀՊՏՀ-ն կարողանո՞ւմ է ապահովել ավագ և երիտասարդ սերունդների դասախոսների և գիտնականների համագործակցությունն ու ներդաշնակ աշխատանքը:

-Այդ հարցը միանշանակ պատասխան չունի: Անցյալին չեմ անդրադառնա, հատկապես որ անցյալի որոշ մերժելի ավանդույթներ մեզանում արդեն տեղ չունեն: Դատելով ներկա՝ COVID 19-ով պայմանավորված նոր իրավիճակում ոչ ստանդարտ լուծումներ գտնելու, որոշումներ կայացնելու գործընթացում համալսարանի ողջ անձնակազմի բարձր պատասխանատվությունից և ստացված արդյունքներից՝ այո՛, կարողանում է:

-Անքննելի է` երիտասարդ մասնագետը ավագ դասախոսից շատ բան ունի սովորելու, իսկ ավագը երիտասարդից սովորո՞ւմ է: Խոստովանեք….

-Այդպիսի փորձառություն չունեմ: Ավագը պետք է լինի օրինակելի ամեն առումով և միշտ մնա երիտասարդ:

-Ի՞նչ ասել է լինել Դասախոս:

-Մարդ, ընկեր և ուսուցիչ:

- Հոբելյանի առիթով ի՞նչ սրտագին ուղերձ կհղեք մեր սիրելի բուհին և ՀՊՏՀ-ականներին:

-Կրթությունը մարդու կատարյալ կերպարի անհրաժեշտ բաղադրիչն է: Այն միայն մասնագիտական գիտելիքներ չի տալիս: Կրթությունը կերտում է մարդու բնավորությունը, վարքագիծը, նախասիրությունները, պատասխանատվությունը: Կրթության մշակները յուրատեսակ քանդակագործներ են, որոնց ձեռքի տակ «թրծվում» է մարդը, քաղաքացին, պրոֆեսիոնալը: Որակավորված, հմուտ քանդակագործը ստեղծում է մնայուն արժեքներ: Սիրելի′ ՀՊՏՀ-ականներ, դո՛ւք ի զորու եք լինել մնայուն արժեքներ կերտողների առաջին շարքերում: Առողջ եղե՛ք, դուք կարող ՈւԺ եք:

-Շնորհակալություն, Տիկին Թադևոսյան: Դուք ՀՊՏՀ վաստակաշատ դասախոսներից եք, ով երկար ու ձիգ տարիներ գիտամանկավարժական գործունեություն է ծավալել` իր նպաստը բերելով Տնտեսագիտական մայր կրթօջախի զարգացմանը: Շատերը կհամաձայնեն` գիտնական-մանկավարժի բարձր որակներին զուգահեռ, Դուք կանացի անսպառ հմայք ունեք, բուհի խարիզմատիկ կին-գիտնականներից եք: Ձեզ մաղթում ենք քաջ առողջություն, և թող Ձեր յուրահատուկ հմայքն ու կենսասիրությունը երբեք չմարեն: Շարունակելի…

Հ.Գ. ՀՊՏՀ պրոֆեսոր Արամ Սարգսյանի հետ նախորդիվ հրապարակված հարցազրույցին ծանոթացեք այստեղ, տ.գ.թ., դոցենտ Միքայել Թավադյանի հետ հարցազրույցին`  այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին