ՀՊՏՀ-ն և Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը համագործակցության պայմանագիր ստորագրեցին

Դիտումների քանակ՝ 4747

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այսօրվանից ունի ևս մեկ նոր գործընկեր: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը և Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը, կարևորելով բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցությունը, այսօր ստորագրեցին համագործակցության պայմանագիր:
Համագործակցությունը նախատեսում է մասնագետների, հետազոտությունների, սեմինարների և խորհրդատվությունների փոխանակում, գիտության արդիական խնդիրների վերաբերյալ փոխադարձ հետազոտության իրականացում, մանկավարժության, ուսուցման մեթոդների, բարձրագույն կրթության կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ փորձի և տեղեկատվության փոխանակում, դասախոսների, դոկտորական անձնակազմի, ասպիրանտների (վերապատրաստման և որակավորման բարձրացման նպատակով) և ուսանողների (ուսման նպատակով) փոխանակում, գիտական հրատարակությունների, ուսումնական նյութերի, ուսումնամեթոդական ծրագրերի, ուսումնական ծրագրերի, տեղեկատու գրականության փոխանակում, ինչպես նաև ցուցահանդեսների կազմակերպում, որոնք կարտացոլեն բուհերի ձեռքբերումները: Համալսարանները մտադիր են համատեղ աշխատանք կատարել դասագրքերի և ուսումնամեթոդական գրականության պատրաստման և հրատարակման վերաբերյալ, ինչպես նաև աջակցել երկկողմ համատեղ կոնֆերանսների և սեմինարների կազմակերպմանը:
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ ՀՊՏՀ-ն կարևորում է համագործակցության ընդլայնումը այլ բուհերի հետ և ուրախ կլինի, եթե այս համագործակցությունը երկու բուհերի կյանքում նոր արդյունքներ բերի: Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանն իր հերթին նշեց, որ բարձր է գնահատում ՀՊՏՀ դերն ու նշանակությունը հանրապետությունում տնտեսագետ կադրերի պատրաստման գործում: Հանդիպմանը անդրադարձ եղավ երկու բուհերի գործունեության առանցքային ուղղություններին, համագործակցության համար հետաքրքրություն ներկայացնող երկկողմ ոլորտներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին