Ոչ ֆորմալ կրթության ձևաչափում. հյուր էր Հայաստանում առաջին բիզնես դպրոցի համահիմնադիրը

Դիտումների քանակ՝ 1695

Մարքեթինգի ամբիոնի վարիչ, դոցենտ Վադիմ Գրիգորյանը նախաձեռնել է միջոցառումների շարք, որի ընթացքում մարքեթինգ ուսումնասիրողների համար դասախոսություններով և շնորհանդեսներով հանդես կգան գործնական ոլորտում մասնագիտական և աշխատանքային փորձ կուտակած մասնագետները: Այսօր մեկնարկային միջոցառմանը, որի հյուրն էր Հայաստանում առաջին բիզնես դպրոցի (The First Business School In Armenia) համահիմնադիր Ծովինար Սարգսյանը, մասնակցում էին Վադիմ Գրիգորյանը, դոցենտ Լիլիթ Դադայանը, ֆակուլտետի բակալավրիատի 2-4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները:
Միջոցառման թեման էր «Բիզնես մոդելավորում և գաղափարի վիզուալիզացիա»: Բանախոսի ներածական խոսքից հետո ուսանողները ձևավորեցին երեք աշխատանքային խմբեր, որոնք պետք է ներկայացնեին երեք առանձին ոլորտների ընկերություններ՝ զբոսաշրջություն, հագուստի և քաղցրավենիքի արտադրություն, մշակեին իրենց գործունեության գործարար մոդելը:
Մեզ հետ զրույցում Վադիմ Գրիգորյանը նշեց, որ ոչ ֆորմալ կրթության այս ձևաչափը, հրավիրյալ մասնագետների մասնակցությամբ, արդյունավետ կերպով թիմային աշխատանքի, նոր գիտելիքների ու հմտությունների ձեռք բերման, գործարար միջավայրում աշխատելու և սեփական գաղափարներով հանդես գալու հրաշալի միջավայր է ձևավորում, հետևաբար ամբիոնը շարունակաբար ուսանողին ընձեռելու է այդ հնարավորությունը և հետևելու է ընթացքին: Նրա խոսքով՝ գալիք միջոցառումների թեմատիկ շրջանակները թելադրելու են իրենք՝ ուսանողները, իսկ հաջորդը նվիրված կլինի նախագծերի կառավարմանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին