«ՀՊՏՀ Երևան» ֆուտզալի թիմը պատրաստվում է եզրափակիչ խաղին

25.03.2022
Դիտումների քանակ՝ 1147

ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի 2021-2022 առաջնության 1/2 եզրափակիչ խաղում «ՀՊՏՀ Երևան» թիմը զիջել է «Արարատ Արմենիա»-ին և այժմ պատրաստվում է եզրափակիչ խաղին, որտեղ 3-րդ տեղի համար պայքարում իր ուժերը կչափի «Լոգիկոն» թիմի հետ։

«ՀՊՏՀ Երևան» թիմի գլխավոր մարզիչ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ 1/2 եզրափակչին, որի արդյունքներով «Արարատ-Արմենիան» առավելություն է ձեռք բերել մեր թիմի նկատմամբ:

«Առաջին խաղի հիմնական և ավելացված ժամանակում գրանցվել էր ոչ-ոքի, և միայն հետխաղյա 6 մետրանոց հարվածաշարի արդյունքով է հաղթանակ գրանցվել «Արարատ-Արմենիայի» օգտին։ Երկրորդ խաղում պարտություն է գրանցվել մրցավարական սխալի հետևանքով: Ամեն դեպքում, մեր թիմը մարտական է տրամադրված և «Լոգիկոնի» հետ, կարծում եմ, հիշարժան խաղ է մեզ սպասվում»,- ասաց Հովհաննես Գաբրիելյանը։

Այժմ «ՀՊՏՀ Երևան»-ը պատրաստվում է երրորդ տեղի համար պայքարին։ Վճռորոշ խաղը տեղի կունենա առաջիկա կիրակի օրը՝ մարտի 27-ին, ժամը 16։00-ին՝ Ֆուտբոլի ակադեմիայում։ Սպասվող հետաքրքիր և համառ պայքարում հաջողություն ենք մաղթում մեր թիմին և «ՀՊՏՀ Երևան»-ի բոլոր երկրպագուներին կոչ անում այդ օրը իրենց ներկայությամբ սատարել ու ոգևորել մեր մարզիկներին։

Նշենք, որ ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի 2021-2022 առաջնության փլեյ-օֆֆ փուլի 1/4 եզրափակիչը մեկնարկել էր փետրվարի 19-ին։ Տնտեսագիտական համալսարանի մարզիկները, հաղթահարելով խմբային փուլը, խոշոր հաղթանակ էին տարել «Ալաշկերտ» թիմի նկատմամբ։