ՀՊՏՀ-ում կայացավ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովում հաղթող ճանաչված մոդելային օրենքի նախագծի քննարկումը

24.03.2022
Դիտումների քանակ՝ 1493

«Լեռնահանքային արդյունաբերության գործունեության ազդեցության գնահատումը ազդակիր (շրջակա) համայնքների բնակչության առողջության վրա» մոդելային օրենքի նախագծի շուրջ այսօր՝ մարտի 24-ին, ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ գիտագործնական սեմինար՝ շահագրգիռ մարմինների մասնակցությամբ։

Մոդելային օրենքի հայտի մշակման աշխատանքային խմբի ղեկավար, ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Մելքումյանը, ներկայացնելով օրենքի նախագիծը, հույս հայտնեց, որ քննարկումը կընթանա կառուցողական մթնոլորտում՝ արդյունավետության բարձր ցուցիչով։

Մոդելային օրենքի նախագծի քննարկմանը մասնակցում էին ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնների դասախոսներ, ինչպես նաև հրավիրյալ մասնագետներ՝ ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ԱԺ նախկին պատգամավոր Վարդևան Գրիգորյանը, փորձագետներ, Հանրապետական երկրաբանական ֆոնդի, պետական փորձաքննության մարմինների, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ։

Ողջունելով ներկաներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը շեշտեց, որ այս քննարկումը համալսարանի համար հույժ կարևոր նշանակություն ունի։ Ընդգծելով բուհական համայնքի դերը նմանօրինակ հետազոտությունների իրականացման, օրենքների մշակման, փորձագիտական գնահատականներ տալու գործում՝ ռեկտորը հույս հայտնեց, որ ապագայում է´լ ավելի տեսանելի կդառնա մեր բուհի գործունեությունն այս ոլորտում. «Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել պրոֆեսոր Մելքումյանին, ով մշտապես կարևորում է հետազոտական աշխատանքը։ Վստահ եմ, որ օրենքի մշակման շրջանակներում մենք կհաջողենք, և դա իր արձագանքը կգտնի ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովում»։

Քննարկմանը տեսակապով մասնակցում էր նաև ԱՊՀ երկրների միջխորհրդարանական ասամբլեայի խորհրդի քարտուղարության փորձագիտական-վերլուծական վարչության խորհրդատու Նատալյա Ամբուրցևան։ Ամփոփելով գիտագործնական սեմինարի արդյունքները՝ ռուս պաշտոնյան բարձր գնահատեց հայ գործընկերների կատարած մեծածավալ աշխատանքը, այսօրվա քննարկման գործնական առաջարկությունները, դրանց կիրառելիությունը:

Սեմինարի արդյունքները դրական գնահատեց նաև Միքայել Մելքումյանը։ Նրա փոխանցմամբ՝ քննարկումը բավականին շահագրգիռ էր, բոլոր դիտողությունները, ցանկություններն ու առաջարկները հաշվի կառնվեն օրենքի մշակման հետագա աշխատանքներում։

«Սրանք ստանդարտ աշխատանքներ չեն, որովհետև մոդելային օրենքի մշակման նախադեպ մեր երկրում չի եղել, սա բացառիկ դեպք է։ Մենք կշարունակենք աշխատանքները, կշարժվենք առաջ՝ հաշվի առնելով բոլոր հնչած առաջարկություններն ու դիտողությունները»,- ասաց պրոֆեսոր Մելքումյանը։

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ներկայացրած՝ «Լեռնահանքային արդյունաբերության գործունեության ազդեցության գնահատումը ազդակիր (շրջակա) համայնքների բնակչության առողջության վրա» մոդելային օրենքի հայտը հավանության էր արժանացել 2021 թ. սեպտեմբերի 10-ին՝ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում, որը մշակում և ընդունում է տարբեր մոդելային օրենքներ ԱՊՀ երկրների համար։