ՀՊՏՀ ներկայացուցիչները «Էրազմուս+» ծրագրով հյուրընկալվել են Օսիյեկի համալսարանում
Հայաստանի պետական տնտեսագիտական և Յոսիպ Յուրայ Շտրոսմայեր Օսիյեկի (Խորվաթիա) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` մարտի 14-18-ը, վարչական աշխատակազմի փոխանակման ծրագրով Խորվաթիա են մեկնել ՀՊՏՀ ներկայացուցիչները:
ՀՊՏՀ ռեկտորի՝ ուսանողների հետ աշխատանքների գծով խորհրդական Լիլիթ Դադայանը, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկանի տեղակալ Արա Մկրտչյանը, շարունակական կրթության բաժնի առաջատար մասնագետ Աիդա Միրումյանը և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի զարգացման ծրագրերի, գիտության, որակի ապահովման և արտաքին կապերի բաժնի պետ Արփինե Սարգսյանը քառօրյա այցի ընթացքում ծանոթացել են Օսիյեկի համալսարանի ուսումնական գործընթացին, ուսանողների հետ տարվող աշխատանքներին, միջազգային գործունեությանը, գիտահետազոտական ծրագրերին և, իհարկե, հանդիպել են «Էրազմուս+»-ի՝ ուսանողների փոխանակման ծրագրով կրթաթոշակային մրցույթում հաղթած և Օսիյեկի համալսարանում ուսանելու հնարավորություն ստացած ՀՊՏՀ ուսանողներ Տիգրան Բաղդասարյանին (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպնման ֆակուլտետ), Ինեսա Մարդոյանին (ֆինանսական ֆակուլտետ), Գևորգ Առաքելյանին (ՏԿ և ՄՏՀ) և Էլեն Հակոբյանին (հ/հ և աուդիտի ֆակուլտետ):
Մեզ հետ զրույցում Լիլիթ Դադայանը հպարտությամբ ընդգծեց, որ հյուրընկալող համալսարանում և´ դասախոսները, և´ աշխատակիցները հիացմունքով էին արտահայտվում մեր ուսանողների մասին՝ ընդգծելով նրանց մասնագիտական պատրաստվածությունը, հարգալից վերաբերմունքը շրջապատի հանդեպ, բարեվարքությունը: Հատկանշական է, որ ասվածը վերաբերում է նաև նախորդ կիսամյակներին այցելած ուսանողներին: Իսկ Աիդա Միրումյանը հավաստիացրեց, որ մեր ուսանողները նույնպես գոհ են իրենց տրամադրված պայմաններից և ուսումնառության ընթացքից: Մեր համալսարանի պատվիրակները նաև մասնակցել են ՀՊՏՀ ուսանողների անգլերենի դասընթացին:
Օսիյեկի համալսարանի ներկայացուցիչների հետ հանդիպումների շարքում Արա Մկրտչյանը հատկապես կարևորեց դոցենտ Ալեքսանդր Էրցեգի, միջազգային կապերի գրասենյակի ներկայացուցիչ Մարտինա Շյուտոյի, տնտեսագիտական ֆակուլտետի փոխդեկան Իվան Կելիչի հետ ծանոթությունը, փորձի փոխանակման հնարավորությունը, որոնք հեռանկարային գործակցության հրաշալի սկիզբ են հանդիսացել:
Օսիյեկում անցկացրած օրերը մեր գործընկերների համար հագեցած են եղել նաև մշակութային և միջանձնային հաղորդակցությամբ, ճանաչողական, բացահայտումներով լի դրվագներով և ՀՊՏՀ հրաշալի ուսանողների հետ զբոսանքներով ու զրույցներով: Ի դեպ՝ նրանք նաև այցելել են Պուլայի Յուրա Դոբրիլայի համալսարանում սովորող մեր ուսանողներին՝ Անի Զաքարյանին և Հռիփսիմե Վելիքյանին:
Խորվաթիայում սովորող ՀՊՏՀ բոլոր ուսանողները ջերմ ողջույններ են փոխանցում սիրելի համալսարանին: