ՀՊՏՀ դասախոսները՝ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» մրցույթի հաղթողներ և մրցանակակիրներ
Հայաստանի բանկերի միությունում մայիսի 12-ին կայացել է «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» մրցույթը։ «Լավագույն գիտական հոդված», «Լավագույն վերլուծություն» և «Լավագույն լրագրողական անդրադարձ» անվանակարգերում առևտրային բանկերի ներկայացուցիչներից ձևավորված ժյուրին գնահատել է 2022 թ․ ընթացքում հրապարակված գիտական և վերլուծական հոդվածները, ինչպես նաև լրագրողական հրապարակումները։
Եվ այսպես, «Լավագույն վերլուծություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․, «Ամբերդ» կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանի «Կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության անկման հիմնական պատճառները կամ ո՞վ է մեղավոր» վերլուծությունը։ «Լավագույն գիտական հոդված» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի ասպիրանտ Արման Համբարձումյանի և ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի բաժնի ուսանող Մեսրոպ Մեսրոպյանի հեղինակած «Վերահսկողական սթրես թեստավորումը՝ որպես ՀՀ առևտրային բանկերի ֆինանսական ռիսկերը կառավարելու նոր գործիք» գիտական հոդվածը։
Առևտրային բանկերի կողմից խրախուսական մրցանակի է արժանացել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետներ, տնտեսագիտության թեկնածուներ Հայկ Բեջանյանի և Նարեկ Կարապետյանի «ՌԴ-ում փոխարժեքի անկայունության և տնտեսական ճգնաժամերի ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա» հոդվածը: Հավելենք նաև, որ Նարեկ Կարապետյանի «Դրամի արժևորման «գորդյան հանգույցը». ներկա իրավիճակ, անցյալի փորձ, կարճաժամկետ ազդեցություններ և լուծման ուղիներ» վերնագրով հրապարակումը արժանացել է մի քանի բանկերի բարձր գնահատականին և խրախուսական մրցանակների։
Մրցութային անվանակարգերի հաղթողներին ՀԲՄ-ի կողմից հանձնվել են հավաստագրեր և դրամական մրցանակներ:
Շնորհավորում ենք մեր մրցանակակիրներին, մաղթում նորանոր հաջողություններ։
Մրցույթի մասին կարդա այստեղ։