ՀՊՏՀ-ում կայացավ Սուրեն Շաբոյանի «421/731․ կյանքը քո գրկում» գրքի շնորհանդեսը
Նոյեմբերի 12-ին ՀՊՏՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսանող Սուրեն Շաբոյանի «421/731․ կյանքը քո գրկում» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը համախմբել էր համալսարանի դասախոսներին, ուսանողներին, Սուրենի ընտանիքին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր նրա հետ անցել են 2023 թվականի սեպտեմբերյան մարտերի դժվարին ճանապարհը: Սուրենը Արցախի բանակում պետք է ծառայեր 731 օր, սակայն ծառայությունն ընդհատվեց պատերազմով՝ տևելով 421 օր: Հենց այդ դժվարին և տպավորիչ հիշողություններն էլ հիմք դարձան գրքի ստեղծման համար:
Գրքի խմբագիրը ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դոցենտ Լիլիթ Հակոբյանն է, ով եղել է Սուրենի առաջին ընթերցողը և աջակցել է նրան գրքի ստեղծման ամբողջ ընթացքում:
Շնորհավորական խոսքերով հանդես եկան հոգեբան, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Արզիկ Մխիթարյանը, ինչպես նաև 77 պաշտպանական բրիգադի ականանետային մարտկոցի ավագ սպա Րաֆֆի Դալաքյանը։ Վերջինս պատերազմի ընթացքում աջակցել է Սուրենին ու նրա մարտական ընկերներին՝ չկորցնելու կորովը, մինչև վերջ պայքարելու հայրենի հողի համար:
Հուզիչ էր Սուրենի պապիկի՝ Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի նախկին ղեկավար Սուրեն Շաբոյան խոսքը: Ելույթ ունեցավ նաև ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանը:
Միջոցառումը եզակի դարձավ ոչ միայն հուզառատ ելույթներով, այլ նաև երաժշտական կատարումներով: Արցախցի երգիչ Արթուր Խաչենցը և Սուրենի մարտական ընկեր Արման Խաչատրյանը իրենց կատարումներով մի քանի րոպեով ներկաներին մտովի տեղափոխեցին հայրենի Արցախ՝ փոխանցելով պատերազմի ծանր ու խոր զգացմունքները:
Սուրեն Շաբոյանի գիրքը, որը ծնվել է ականատեսի հուշերից ու հայրենասեր երիտասարդի հույզերից, կոչված է հավերժացնելու ծառայության և պատերազմի ժամանակ ապրած զգացմունքները՝ սերունդներին փոխանցելով հայրենիքի հանդեպ անձնվիրության օրինակ:
Միջոցառման մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում