«ՀԾ-օրեր». ՀՊՏՀ-ն հյուրընկալեց «Հայկական ծրագրեր» ընկերությանը
Նոյեմբերի 14-ին, արդեն 4-րդ տարին անցկացվող «ՀԾ-օրեր» միջոցառման շրջանակում, ՀՊՏՀ-ն հյուրընկալեց մեր համալսարանի լավագույն գործընկերներից մեկին՝ «Հայկական ծրագրեր» ընկերությանը։
ՀԾ խոշոր կազմակերպությունների ավտոմատացման բաժնի պրոդուկտի ղեկավար, ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնի դասախոս, տ․գ․թ․ Անուշ Միքայելյանը ուսանողներին ներկայացրեց ընկերության զարգացման 37-ամյա պատմությունը, ծանոթացրեց աշխատանքային հնարավորություններին և առավելություններին։ «Հայկական ծրագրերի» անձնակազմում 250-ից ավելի աշխատակիցներ են, որոնց շարքում Հայաստանի տարբեր համալսարաններում, այդ թվում՝ մեր համալսարանում դասավանդող գիտությունների թեկնածուներ, դասախոսներ։ Ընկերությունը կարևորում է անընդհատ որակավորման բարձրացումը, աշխատակիցները պարբերաբար հանձնում են քննություններ, մասնակցում են վերապատրաստումների և դասընթացների։
«Մեր աշխատակիցները հիմնականում ծրագրավորողներ և տնտեսագետներ են, իսկ տնտեսագետների 90%-ից ավելին՝ ՀՊՏՀ ուսանողներ և շրջանավարտներ»,- ընդգծեց Անուշ Միքայելյանը, ով ևս ՀՊՏՀ շրջանավարտ է։
Նրա խոսքով՝ ընկերությունը ՏՏ ոլորտում հավաստագրված մասնագետների թվով առաջինն է Հայաստանում, ինչն արտացոլվում է ընկերության կարգախոսում․ «Հզոր կազմակերպության նախապայմանը հզոր աշխատակազմն է»։
«Մեր թիմի յուրաքանչյուր մասնակից անում է ամեն ինչ՝ հասնելու մեր ընդհանուր նպատակին, այն է՝ պատվիրատուներին տրամադրել լավագույն ՀԾ լուծումներ»,- իր ելույթում ընդգծեց Անուշ Միքայելյանը։
ՀՊՏՀ–ՀԾ համագործակցության շնորհիվ ՀԾ ուսումնական կենտրոնում ՀՊՏՀ ուսանողների համար անվճար իրականացվում է ՀԾ-ձեռնարկություն համակարգի ուսուցում՝ հիմնված գործնական գիտելիքի փոխանցման վրա։ Վերջին 4 տարվա ՀԾ օրերին մասնակցել է 300-ից ավելի ուսանող, 150-ից ավելի ուսանող հրավիրվել է հարցազրույցի, 110-ից ավելի ուսանող ստացել է 2-ամսյա անվճար դասընթացի մասնակցության հնարավորություն, 20-ից ավելի ուսանող՝ աշխատանքի առաջարկ։
«Հայկական ծրագրեր» ընկերության ՓՄՁ ավտոմատացման բաժնի ենթախմբի ղեկավար, ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դասախոս, տ․գ․թ․ Օգսեն Փափազյանը ներկաներին ծանոթացրեց ՀԾ համակարգերին՝ ստեղծումից մինչև վաճառք և հետագա սպասարկում։ Նա նույնպես հպարտությամբ նշեց, որ «Հայկական ծրագրերում» աշխատանքի են ընդունվել «ՀՊՏՀ լավագույն ուսանող» մրցույթում հաղթողները։
Իր աշխատանքային հաջողության պատմությունը ներկայացրեց «ՀՊՏՀ հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի լավագույն ուսանող–2024» Վերժինե Թությանը, ով «Հայկական ծրագրերում» աշխատում է որպես ՓՄՁ ավտոմատացման բաժնի կրտսեր մասնագետ։
Միջոցառումն ընդմիջվեց մասնակիցների հայտերի՝ ինքնակենսագրականների հավաքագրմամբ, որի նպատակը ընկերությունը նոր աշխատակիցներով համալրելն է։ Այնուհետև հանդիպումը շարունակվեց խաղ մրցույթով, և հաղթողներն ստացան արժեքավոր նվերներ։
Ամփոփիչ խոսք ասաց ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը՝ արժևորելով ընկերության հետ բուհի 4-ամյա համագործակցությունը։ Դեկանն այն արդյունավետ համարեց՝ ընդգծելով, որ այդ մասին են վկայում մեր ուսանողների համար անվճար կազմակերպվող բազմաթիվ որակավորման դասընթացները, ինչպես նաև աշխատանքային կարիերա կառուցելու հնարավորությունները։
Միջոցառման մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում