Կենտրոնական բանկը կրկին հյուրընկալել էր ՀՊՏՀ-ականներին

Դիտումների քանակ՝ 2431

ՀՀ կենտրոնական բանկի գործունեությանը վերաբերող գործնական գիտելիքներ ստանալու նպատակով օրերս ՀՊՏՀ բանկային գործ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներն այցելել են ԿԲ, շրջայց կատարել ու բանախոսություններ ունկնդրել: Նախաձեռնության հեղինակ, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Գևորգ Սարդարյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ամփոփ ներկայացրեց այցի արդյունքը:
Այսպիսով, նախևառաջ, ԿԲ աշխատակիցներն ուսանողների համար պարզաբանել են դրամավարկային քաղաքականությանը, դրա գործիքակազմին, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող մի շարք երևույթներ, իրողություններ: Դրամավարկային քաղաքականության շուրջ խոսել է ԿԲ նախագահի գլխավոր խորհրդական Հասմիկ Ղահրամանյանը: Հաջորդիվ, ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատակիցները տեղեկատվություն են հաղորդել ֆինանսական դիտարկումների էության, հաշվետվություն տրամադրող անձանց գործառույթների, կրիպտոարժույթների ծագման, դրանցով կատարվող գործարքների, միջազգային փորձի ու տարբեր երկրների դիրքորոշումների վերաբերյալ: Ուսանողների համար այս հանդիպումը հնարավորություն է եղել նաև ԿԲ վերաբերյալ իրենց հուզող հարցերը ներկայացնելու և դրանց պատասխանները մասնագետներից լսելու համար:
Ուսումնագիտական այցի կազմակերպման համար Գևորգ Սարդարյանը հատուկ շնորհակալություն է հայտնում ԿԲ այցելուների կենտրոնին, աշխատակիցներին, ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնին:
Լուսանկարները տրամադրել է Գևորգ Սարդարյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին