Ակնարկային դասախոսություններ և թրեյնինգ՝ ՌԴ ակադեմիայի ներկայացուցիչների մասնակցությամբ

Դիտումների քանակ՝ 1757

ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի նախաձեռնությամբ, ակնարկային դասախոսություններ ներկայացնելու նպատակով այսօր մեր համալսարանում էին ՌԴ նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի Սպորտի և տուրիզմի ոլորտի կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Մարիա Բելյակովան և նույն ակադեմիայի ճյուղային մենեջմենթի ինստիտուտի միջազգային բաժնի պետ, մարքեթինգի դասախոս, տ.գ.թ., դոցենտ Օլգա Գավրիլինան: Նշենք, որ ՀՊՏՀ-ն այս ակադեմիայի հետ միջբուհական համագործակցության պայմանագիր ունի:
Մարիա Բելյակովան հանդես եկավ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում՝ «Ներդրումային միջավայր» դասախոսությամբ, որին ներկա էին միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Զոյա Թադևոսյանը, ամբիոնի դասախոսները, ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանը: Ռուսաստանցի դոցենտը ողջունեց ներկաներին և ուսանողներին կոչ արեց ակտիվ լինել, հարցեր տալ ու մասնակցել թեմայի քննարկմանը: Նա դասախոսությունն սկսեց նախ ներդրումային միջավայր հասկացության մեկնաբանմամբ, այնուհետև բացատրեց դրա կապը ներդրումային գործունեության հետ, անդրադարձավ միջավայրի վրա ազդող գործոններին, ՌԴ ներդրումային միջավայրի մասին և այլն:
Զուգահեռ, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում, Օլգա Գավրիլինան անցկացնում էր LEGO Serious Play թրեյնինգ: Նշված ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանի, մարքեթինգի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վադիմ Գրիգորյանի, նույն ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ Օլգա Գավրիլինան լսարանը բաժանեց 5 թիմի և հարցադրումներ ներկայացրեց, որոնց, 10 րոպե անց, պետք է պատասխաներ յուրաքանչյուր թիմ: 
Պարզաբանելով խաղի անցկացման նպատակը՝ դոցենտը նշեց, որ ապագա մարքեթոլոգները պետք է կարողանան աշխատել ինֆորմացիայի հետ, ճիշտ ներկայանան, արագ կողմնորոշվեն. դրանք հատկանիշներ են, որոնք պետք է զարգացնել: Ներկա դասախոսները, իբրև ժյուրի, գնահատեցին պատասխանները՝ հաշվի առնելով թիմային աշխատանքը, տրամաբանությունը, խոսքը և մի քանի այլ չափանիշներ: Լավագույնները խրախուսվեցին:
Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի դասախոսները այնուհետև եղել են նաև միջազգային տնտեսական հարաբերությունների և մարքեթինգի ամբիոններում, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ քննարկել ՀՊՏՀ-ի հետ համագործակցության հեռանկարները: Հանդիպումներին ներկա է եղել «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը, խոսել կենտրոնի հետ փոխգործակցության հարցերի շուրջ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին