Հավաստագրերի հանձնմամբ ՀՊՏՀ-ում ավարտվեց ևս մեկ կարճաժամկետ դասընթաց. մասնակիցները ստացել են նախագծերի կառավարման գիտելիքներ

Դիտումների քանակ՝ 2208

ՀՊՏՀ-ի և Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի (PMI) համագործակցությամբ նոյեմբերի 5-ին մեր համալսարանում մեկնարկած հերթական կարճաժամկետ դասընթացը՝ «Նախագծերի կառավարման հիմունքներ» խորագրով, ավարտվել է: Այսօր մասնակիցներին, դասընթացավարին և կազմակերպիչներին հյուրընկալեց ՀՊՏՀ ռեկտորի պասշտոնակատար Դիանա Գալոյանը:

Շնորհավորելով մասնակիցներին՝  բուհի ղեկավարը նշեց, որ նախագծերի կառավարումն արդիական ուղղություն է, և ուրախալի է, որ Տնտեսագիտական համալսարանում կազմակերպված նշված դասընթացը արձագանք է ստացել մի շարք մասնակիցների շարքերում: «Շատ դրական և գոհունակության արձագանքներ եմ լսել, այդ թվում մասնակիցներից, և այդ պատճառով շատ եմ ցանկանում շնորհակալություն հայտնել նաև Ձեզ՝ հարգելի Սոնա, որովհետև դասընթացավարից շատ բան է կախված»,- ասաց Դիանա Գալոյանը:

Հիշեցնենք, որ կարճաժամկետ դասընթացը վարել է  PMI միջազգային որակավորում ունեցող փորձագետ, PMI-Armenia-ի փոխնախագահ և հոգաբարձուների խորհրդի անդամ Սոնա Մատինյանը: ՀՊՏՀ ղեկավարը հույս հայտնեց, որ ընկերության հետ մեր բուհի համագործակցությունը կշարունակվի և կընդլայնվի:

Այնուհետև ռեկտորի պաշտոնակատարը մասնակիցներին հանձնեց հավաստագրերը՝ ևս մեկ անգամ շնորհավորելով նրանց:

asue.am-ի հետ զրույցում մասնակիցները բարձր գնահատեցին դասընթացի անցկացման ինչպես մեթոդաբանությունը, այնպես էլ բովանդակությունը:  «Հրաշալի դասընթաց էր, որը մեզ տվեց բազմակողմանի գիտելիքներ՝ նախագծերի կառավարման վերաբերյալ: Այն զարգացրեց ռազմավարական մտածելակերպ և տվեց այնպիսի հմտություններ և գործիքներ, որոնք մենք կկարողանանք  կիրառել ցանկացած ոլորտում որևէ նախագիծ իրականացնելիս»,- մեզ հետ զրույցում ասաց բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.  Լուսինե Ղազարյանը: Ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արմինե Սչանյանը կարևորեց դասընթացավարի կողմից նյութի մատչելի ներկայացումը, որը կարճ ժամանակում հարստացրեց մասնակիցների տեսական և գործնական գիտելիքների պաշարը: Կառավարում մասնագիտության ուսանող Սերգեյ Արշակյանն ավելացրեց՝ դասընթացը լավ հնարավորություն էր՝ զարգացնելու մասնագիտական անգլերենը:

Հիշեցնենք, որ «Նախագծերի կառավարման հիմունքներ» դասընթացը ՀՊՏՀ հերթական կարճաժամկետ դասընթացն էր: Այն կազմակերպել է շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինը, որի ղեկավար Աղավնի Հակոբյանը, միանալով շնորհավորանքներին, իր ուրախությունը հայտնեց հերթական դասընթացի արդյունավետ ընթացքի և լավ ավարտի առթիվ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին