Հավաստագրեր շնորհվեցին ՀՊՏՀ Change Lab-ի աքսելերացիոն ծրագրի մասնակից ստարտափներին

11.05.2022
Դիտումների քանակ՝ 1506

Ամփոփվեց ՀՀ ԲՏԱ նախարարության «Գաղափարից մինչև բիզնես» նորարարական բաղադրիչով դրամաշնորհային ծրագրի շահառու ստարտափների համար նախատեսված եռամսյա աքսելերացիոն ծրագիրը, որն իրականացնում էր ՀՊՏՀ Change Lab-ը: Ամենատարբեր բնագավառներում գործունեություն ծավալող 6 ստարտափներ հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց պրոդուկտները, ինչպես նաև թիմերի անդամների հմտությունները:

Ստարտափների թիմերին երեկ՝ մայիսի 10-ին, Change Lab-ում հավաստագրեր հանձնեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը։ Ռեկտորը նշեց, որ ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարության հետ նմանօրինակ ձևաչափով սա առաջին համատեղ ծրագիրն է, թեև ՀՊՏՀ-ն ստարտափների հետ աշխատել է նաև նախկինում։ «Այսօր մեր համալսարանը որդեգրել է միջազգայնացման ուղին, և այդ համատեքստում մենք կարևորում ենք հենց միջազգային ֆոնդերի ներգրավումը, հատկապես՝ երիտասարդական ձեռնարկատիրության շրջանակներում։ Կարծում եմ՝ հետագայում հնարավորություն կունենանք այդ գործընթացներում ներգրավելու նաև ձեզ»,- ասաց Դիանա Գալոյանը՝ հավելելով, որ գործնական հմտություններ ու կարողություններ փոխանցելու իր գործառույթը ՀՊՏՀ Change Lab-ը հաջողությամբ իրականացնում է։

Աքսելերացիոն ծրագրի առաջին բաղադրիչը ներառել է 9 թեմատիկ դասընթաց, այդ թվում՝ ֆինանսներ, ստարտափների ֆինանսավորման փուլեր, թվային մարքեթինգ, բրենդինգ, ռազմավարական բիզնես մտածողություն, նախագծերի կառավարում agile միջավայրում և այլն: Ծրագրի մյուս հիմնական բաղադրիչը մենթորների հետ աշխատանքն էր: Յուրաքանչյուր ստարտափ, հաշվի առնելով վերջինիս ոլորտային նախապատվությունը, հնարավորություն է ունեցել ավելի քան 2 ամիս աշխատելու փորձառու մենթորների հետ: Մենթորության շրջանակներում ստարտափները զարգացրել են իրենց պրոդուկտները, համապատասխանեցրել շուկայի պահանջներին, ինչպես նաև միջազգային շուկայում կապեր ձեռք բերելու նախադրյալներ ձևավորել։ Ստարտափների գործունեությունը հանգամանորեն լուսաբանվել է նաև ՀՊՏՀ կայքում, նկարահանվել են կարճ տեսահոլովակներ։ Աքսելերացիոն ծրագրի համակարգող Գրիշա Ամիրխանյանի փոխանցմամբ՝ այս քայլերը, վստահաբար, կօգնեն վերջիններիս ճանաչելիության բարձրացմանը և պրոդուկտների առաջխաղացմանը:

«Թեև աքսելերացիոն ծրագիրը ֆորմալ առումով ավարտվում է, սակայն ՀՊՏՀ-ի և ստարտափների համագործակցությունը երկարաժամկետում կշարունակվի: Պատրաստ ենք մեր ներուժով հնարավորինս աջակցել վերջիններիս, կլինի դա խորհրդատվական աջակցություն, թե տարաբնույթ կապերի հաստատում: Համոզված եմ նաև, որ ստարտափների հաջողված փորձը ոգևորիչ կլինի մեր ուսանողների համար ևս, որոնք շահագրգռված կլինեն ներգրավվել տարբեր ստարտափներում և ստեղծել սեփականները»,- ասաց Գրիշա Ամիրխանյանը:

«Դուդուկ» ընկերության կոնտենտ մենեջեր Աննա Մուրադյանի խոսքով՝ ծրագիրը բավականին հետաքրքիր էր, քանի որ ի սկզբանե նախատեսված էր հենց ստարտափների համար. «Ծրագիրը մեզ հնարավորություն տվեց բազմաթիվ հետաքրքիր ծանոթություններ հաստատելու, բանիմաց մենթորի հետ աշխատելու։ Բարձր ենք գնահատում հատկապես ռեկտոր Գալոյանի անմիջական մոտեցումը՝ մեր առաջարկները լսելու և դրանց ընթացք տալու առումով»։

«Ռոբոդել» ընկերության համահիմնադիր Հայկ Քոսյանը խոստովանում է՝ թիմն սկզբում փոքր-ինչ թերահավատորեն էր տրամադրված, քանի որ Change Lab-ի հետ աշխատելու փորձ չունեին, բայց ընթացքում բոլոր մտավախություններն ի չիք դարձան։ «Ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված, արդյունավետ էր, դասախոսները ճկունություն էին ցուցաբերում, նյութը մատուցում էին՝ ելնելով լսարանի պահանջներից»,- ասաց Հայկը՝ հավելելով, որ Change Lab-ում մթնոլորտը կառուցողական է ու անմիջական: Ուրախալի է բուհական միջավայրում տեսնել նորարարական մտածողությամբ և գաղափարի շուրջ համախմբված բանիմաց մասնագետների այսպիսի թիմ: