Կատարողականի հաշվեքննության միջազգային փորձը կտեղայնացվի Հայաստանում․ աշխատաժողով ՀՊՏՀ-ում

11.05.2022
Դիտումների քանակ՝ 1073

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Հայկ Բեջանյանի հրավերով Հայաստանում է ԱՄՆ Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Գարի Վանլենդինգհեմը: Նա մեր երկիր է ժամանել «Կատարողականի հաշվեքննության զարգացումը ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Professional Fellowship program ծրագրով՝ ԱՄՆ պետքարտուղարության և Ամերիկյան խորհուրդների գրասենյակի աջակցությամբ։ Հենց այս ծրագրով է ԱՄՆ Ֆլորիդա նահանգում աշխատանքային փորձառություն անցել Հայկ Բեջանյանը և ավարտելով այն՝ որոշել տեղայնացնել միջազգային փորձը. Հայաստանի համար մշակել «Կատարողականի հաշվեքննություն» ձեռնարկ, որի նախադեպը մեր երկրում չկա։

Ձեռնարկի մշակմանը նվիրված երկօրյա աշխատաժողովն անցկացվեց ՀՊՏՀ-ում, այն պրոֆեսոր Վանլենդինգհեմի այցի վերջին հանգրվանն էր։ Մինչ այդ ամերիկացի հյուրը հասցրել էր աշխատանքային հանդիպումներ ունենալ, այդ թվում՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հետ, հանդես գալ բաց դասախոսությամբ, «Ամբերդ» կենտրոնում քննարկել հետազոտական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Երկօրյա քննարկումներին մասնակցեցին ինչպես կատարողականի հաշվեքննություն իրականացնող պետական ոլորտի մասնագետներ, այնպես էլ փորձագետներ մասնավոր հատվածից, խորհրդատվական կազմակերպությունների անդամներ, ՀՊՏՀ ներկայացուցիչներ։ Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը հույս հայտնեց, որ այն կընթանա կառուցողական մթնոլորտում և իր չափով կօժանդակի ՀՀ-ում կատարողականի հաշվեքննության զարգացմանը:

Գարի Վանլենդինգհեմն իր հերթին ընդգծեց, որ ցանկացած ծրագրի հաջողություն արդյունավետ կառավարման մեջ է։ «Վստահ եմ՝ այս քննարկումը կծառայի նպատակին, այստեղ հավաքված են ոլորտի առաջատարները, իսկ դա նշանակում է, որ ստեղծարար մթնոլորտում մենք կունենանք այն արդյունքը, ինչին ձգտում ենք»,- ասաց պրոֆեսորը՝ հավելելով, որ ուրախ է հայ գործընկերների հետ հաստատած բարեկամության համար և Հայաստանից հեռանում է վառ ու անմոռաց տպավորություններով։

Անցնելով գործնական մասին՝ Հայկ Բեջանյանը տեղեկացրեց, որ քննարկվել են ձեռնարկի տեղայնացման բոլոր հնարավորությունները, ամփոփվել և վերջնական տեսքի են բերվել հարակից հարցերը, իսկ աշխատաժողովի նպատակը միջազգային փորձը հայ գործընկերներին փոխանցելն է, որպեսզի կարողանան այն լավագույնս կիրառել գործնականում։

Աշխատաժողովին ներկա էր նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Աբրամ Բախչագուլյանը։ Ինչպես նկատեց պաշտոնյան, մեր խնդիրն է գնահատել այն ծրագրերը և միջոցառումները, որոնք իրագործվում են գործադիր իշխանության կողմից՝ պետական գործառույթների իրականացման առումով, ցույց տալ այն թերացումները, որոնք ի հայտ են գալիս ցանկացած գործունեության ժամանակ և փորձել միասնաբար շտկել դրանք՝ տեսանելի արդյունքի հասնելու համար։