«Չինաստան. տնտեսություն և քաղաքականություն». դասախոսեց Վարդան Աթոյանը

Դիտումների քանակ՝ 2423

Քաղաքակրթության բնօրրաններից մեկի՝ Չինաստանի տնտեսության և քաղաքականության մասին այսօր տնտեսագիտություն մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների համար համապարփակ վերլուծական անդրադարձ կատարեց ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանը: «Տնտեսական պատմություն» առարկայի դասաժամը վարելու համար նրան հրավիրել էր միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ Անուշ Անանյանը:

Վարդան Աթոյանը ներկայացրեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պատմությունը՝ ձևավորումից մինչև մեր օրերը, լուսաբանեց տնտեսության զարգացման միտումներին, տնտեսություն-քաղաքականություն փոխկապվածությանն առնչվող կարևոր հարցերը:

«Ուսանողներն այս ուսումնաշրջանում ծանոթանում են 2-րդ աշխարհամարտից հետո առաջատար երկրների տնտեսություններին, և Չինաստանի ընդգրկուն թեման ներկայացնելու համար հատուկ հրավիրեցի թեմայի գիտակ, հայ-չինական հարաբերությունների ամրապնդման գործում իր ներդրումն ունեցող Վարդան Աթոյանին: Իրավամբ, դասը հագեցած էր հետաքրքրիր մեկնաբանություններով, հանգամանալից խոսվեց Չինաստանի տնտեսական առանձնահատկությունների մասին, հատկապես ուշագրավ էր կանխատեսումը, ըստ որի՝ 2050թ. Չինաստանը կդառնա աշխարհի 1-ին գերտերությունը»,-ասաց Անուշ Անանյանը:

Դասի վերջին հատվածում ուսանողներն ակտիվ հարցեր են հնչեցրել, մասնակցել թեմայի քննարկմանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին