ՀՊՏՀ-ում մեկնարկել է քաղծառայողների վերապատրաստման դասընթացը

Դիտումների քանակ՝ 1579

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից քաղծառայողների վերապատրաստման ծրագրերի 2018 թ. մրցույթում մեր համալսարանը, ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ, մասնակցել և շահել է «Բիզնես/գործարար գործընթացների վերլուծություն և մշակման հմտություններ» ծրագիրը, որով իրականացնելու է վերապատրաստում՝ մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործում:

Վերապատրաստման դասընթացը մեկնարկել է այսօր, և մանրամասները մեզ է ներկայացնում ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժնի պետ Աիդա Առուստամյանը:

«Դասընթացներ են կազմակերպվելու 3 խմբերի համար, մասնակիցները նախարարությունների և գերատեսչությունների բարձրագույն և գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող շուրջ 100 քաղծառայողներ են: Որպես տնտեսագիտական համալսարան՝ ծրագրով նախատեսված տեսական թեմաներին զուգահեռ, պետք է հաղորդվեն նաև գործնական գիտելիքներ՝ իրական օրինակների հիման վրա բիզնես գործընթացների ավելի արդյունավետ կազմակերպման մեթոդներ»,-ասաց Աիդա Առուստամյանը և նշեց, որ քաղծառայողներին դասավանդում են ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ֆրիդա Բահարյանը և ասիստենտ, տ.գ.թ. Սուրեն Պարսյանը: Դասավանդվող թեմատիկ ուղղություններն ընդգրկում են բիզնես գործընթացներ հասկացությունը, դրանց մշակման, կիրառության, ինչպես նաև իրականացման մեթոդներն ու մոտեցումները, փոփոխության կառավարում հասկացությունը և դրա մանրամասները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին