Բուհական խնդիրներին վերաբերող քննարկում՝ ՀՊՏՀ ուսանողների մասնակցությամբ
ՀՊՏՀ մեծ դահլիճում երեկ տեղի ունեցավ բուհական խնդիրներին նվիրված քննարկում: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը՝ քննարկումը կազմակերպել էր ինքը՝ հրավիրելով որևէ հարցի շուրջ մտահոգություն ունեցող ուսանողներին:
Հանդիպման առաջին մասում ՈՒԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը ներկայացրեց ՈՒԽ գործունեությունը՝ հիշեցնելով, որ իրենք հանդիպել են 6 ֆակուլտետների ուսանողների հետ, լսել նրանց հուզող խնդիրները, դրանք՝ շուրջ 40 հարց, փաթեթով ներկայացրել բուհի ղեկավարությանը, որը նախանձախնդիր է դրանց լուծման հարցում: Հովհաննես Հարությունյանի ներկայացմամբ, այդ խնդիրները վերաբերում են լսարաններում օդորակիչների տեղադրմանը, պրոյեկտորներով լսարանների ավելացմանը, դասախոսությունների որակի բարձրացմանը, գրադարանային սպասարկմանը և գրքային ֆոնդի հասանելիությանը, փորձառությունների կազմակերպմանը: Հովհաննես Հարությունյանը կանգ առավ նաև վերջին շրջանում ուսանողներին մտահոգող հարցին, թե հնարավոր է այս ամփոփիչ քննաշրջանը անցկացվի բանավոր կերպով: Ուսանողները որոշեցին՝ որպեսզի կարգը չխախտվի, ընդունելի է, որ այս քննաշրջանն անցկացվի սահմանված ձևով, իսկ հետագայում կքննարկեն և կառաջարկեն, թե քննաձևի որ տարբերակն է իրենց համար ընդունելի:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՊՏՀ Restart նախաձեռնության անդամները: Նախաձեռնության համակարգող Անի Ղազարյանը ներկայացրեց իրենց հայտադիմումին միացած և մտահոգություններ հայտնած ուսանողների ասելիքը, որը վերաբերում էր ՈՒԽ կողմից ծախսվող ֆինանսական միջոցների հրապարակայնացմանը, «Տնտեսագետ» մարզաառողջարանային հանգստին միայն ՈՒԽ անդամ ուսանողների ընդգրկմանը, Զեյթունում գտնվող Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի գրադարանային ֆոնդի համալրմանը, ՈՒԽ քաղաքականացմանը, ինչպես նաև համաժողովրդական շարժման օրերին ՈՒԽ կողմից ուսանողների առաջ դուռ փակելուն: Բոլոր հարցերի շուրջ հնչեցին պարզաբանումներ, իսկ ուսանողների առջև դուռ փակելու մասին ահազանգին ի պատասխան հենց ինքը՝ նախաձեռնության համակարգող Անի Ղազարյանն ասաց, որ ինքը եղել է դասադուլի ակտիվ կազմակերպիչ և իր առաջ որևէ լսարանի, ֆակուլտետի կամ բուհի դուռ չի փակվել, և ինքն էլ համաձայն չէ սույն ահազանգին:
Եզրափակելով հանդիպումը՝ ՈՒԽ նախագահը նշեց, որ սույն միջոցառման նպատակը ոչ թե քաղաքական հարցեր քննարկելն էր, այլ ուսանողների մտահոգություններին անդրադառնալը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին