Աշխատաժողով՝ ՀԵՐԻՏԱԳ ծրագրի շրջանակներում
Եվրոպական Միության «Էրազմուս+»-ի «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ՝ զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվական համակարգերի մասնագիտական ոլորտների կրթական ծրագրերում («ՀԵՐԻՏԱԳ») (“HERITAG”, №561555-EPP-1-2015-1-ES-EPPKA2-CBHE-JP) ծրագրի շրջանակում մայիսի 14-16-ը Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ «Դասավանդման նոր մեթոդներ» խորագրով եռօրյա աշխատաժողով, որին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից մասնակցել են ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը և որակի պաահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը։ Վերջինս աշխատաժողովի առաջին օրը բանախոսեց «Նախագծերի վրա հիմնված դասավանդման մեթոդներ» թեմայով։ Նույն օրը տեղի ունեցավ նաև երկրատեղեկատվական համակարգերի լաբորատորիայի բացումը Գորիսի պետական համալսարանում։ Աշխատաժողովի երկրորդ օրը «Համալսարանական դասավանդման լավագույն փորձ», «Որակի ապահովման և ուսումնառության առցանց համակարգեր» և «Դասավանդման նոր մեթոդների կիրառման հիմնական խոչընդոտները» թեմաներով բանախոսեցին ծրագրի եվրոպական գործընկեր համալսարանների և հյուրընկալող Գորիսի պետական համալսարանի դասախոսները։ Աշխատաժողովի եզրափակիչ օրը Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի (ՎՊՀ) Գանդիայի մասնաճյուղի նորարարությունների ամբիոնի դասախոս Օսկար Մորանտը, ով նաև ղեկավարում է ՎՊՀ-ի «Գաղափարներ ՎՊՀ» (IDEAS UPV) կառուցվածքային ստորաբաժանումը, հանդես եկավ «Բիզնեսի պլանավորում և ստարտափերի կառավարում» թեմայով դասախոսությամբ։
Աշխատանքային այցի երկրորդ մասում, որը մայիսի 17-ին կայացավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, Օսկար Մորանտը դասախոսեց նույն թեմայով և ներկայացրեց զբոսաշրջության ոլորտում բիզնես մոդելների մշակման և նախագծման առանձնահատկություններն ու հիմնական ռիսկերը։ Այնուհետև «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի համակարգող Լուիս Ռուիս Ֆերնանդեսն ապագա դիմորդների համար ներկայացրեց «Նախագծերի կառավարում» զբոսաշրջության, մշակութային ժառանգության կառավարման և երկրատեղեկատվական համակարգերի ոլորտներում մագիստրոսական համատեղ կրթական ծրագիրը, ինչպես նաև մանրամասներ ուսումնառության երկրորդ տարվա՝ ՎՊՀ-ում իրականացվող մասի բովանդակային կողմի, ուսանողների այցի հետ կապված ֆինանսական, տեխնիկական և վարչական հարցերի վերաբերյալ։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից ՃՇՀԱՀ-ում կայացած հանդիպմանը մասնակցել են որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, նույն բաժնի աշխատակիցներ Մարիա Պետրոսյանը և Անի Բաղդասարյանը, ինչպես նաև «Նախագծերի կառավարում» մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի ուսանողները։
Տեղեկատվությունն ու լուսանկարները տրամադրել է ՀՊՏՀ որակի ապահովման բաժինը՝ միաժամանակ առաջարկելով ծրագրի մասին մանրամասներին ծանոթանալ այստեղ` heritag.webs.upv.es/, heritag.am/:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին