ՀՊՏՀ գիտխորհրդում․ ընդունելության ու քննաշրջանի արդյունքներ, ամբիոնի վարիչների ընտրություն, կրթաթոշակների սահմանում և կարգերի հաստատում

13.10.2022
Դիտումների քանակ՝ 1259

Մեկ տասնյակից ավելի հարցերի ներառմամբ և համալսարանի գործունեության տարբեր ուղղություններին վերաբերող քննարկումներով էր հագեցած այսօր կայացած ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստը, որը վարեց ՀՊՏՀ ռեկտոր, գիտական խորհրդի նախագահ Դիանա Գալոյանը` նիստի մեկնարկին շնորհավորելով և արդյունավետ գործունեություն մաղթելով գիտխորհրդի նորանշանակ անդամներին։

Օրակարգային առաջին հարցի՝ 2022-2023 ուստարվա ընդունելության արդյունքների զեկուցմամբ նիստը բացեց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգոր Նազարյանը։ Ներկայացնելով առկա ուսուցման բակալավրիատում ընդունելության թվային տվյալները՝ պատասխանատու քարտուղարը շեշտեց, որ այս կրթաձևում ընդունվածների թիվը +/-7% ճշգրտությամբ համապատասխանել է մեր համալսարանի 2018-2022 թթ. զարգացման ռազմավարությամբ կանխատեսված լավատեսական սցենարին (2022-2023 ուսումնական տարվա համար՝ 1272 ընդունվող): Բացի դրանից, ՀՊՏՀ-ն պահպանել է ՀՀ բուհերի բակալավրական կրթական ծրագրերին դիմորդների մասնագիտական կողմնորոշման 2020-2021 ուստարվանից գրանցած իր 2-րդ դիրքը։ Այսպիսով, առկա բակալավրիատի 1187 տեղի համար դիմել է 1490 դիմորդ, որից ուսման վարձի լրիվ (100%) փոխհատուցմամբ և վճարովի ուսուցման հա­մա­կարգում ընդունվել է 1191-ը (այդ թվում՝ արտոնություններով և սփյուռքահայերի համար կազմակերպ­ված հարցազրույցով), հեռակա բակալավրիատին հատկացվել է 655 տեղ, դիմել է 520 դիմորդ, քննությունները կկազմակերպվեն հոկտեմբերի 20-27-ն ընկած ժամանակահատվածում։ ՀՊՏՀ առկա մագիստրատուրային հատկացվել է 665 տեղ, դիմել է 308 դիմորդ, հրամանագրվել է ընդամենը 277 ուսանող, իսկ հեռակա մագիստրատուրային հատկացվել է 135 տեղ, դիմել է 33 դիմորդ, ընդունվել է 27-ը:

Գրիգոր Նազարյանը մանրամասնեց նաև ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում և ֆինանսատնտեսագիտական քոլեջում ընդունելության թվային տվյալները, որտեղ ևս արդյունքները գոհացուցիչ են։ Ռեկտոր Դիանա Գալոյանը շնորհակալություն հայտնեց ընդունող հանձնաժողովին՝ նշելով, որ ՀՊՏՀ-ն երկրորդ տարին է՝ ընդունելության գործընթացում մեծ առաջընթաց է ապահովում։ Ընդունող հանձնաժողովի աշխատանքը գնահատվեց բավարար, իսկ ներկայացված հաշվետվությունն ընդունվեց։

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը զեկուցեց 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին՝ մասնավորապես նշելով, որ կիսամյակի ընթացքում հա­մահա­մալ­սա­րանական հիմնական առարկաների գծով կազմակերպվել և անցկացվել են գիտելիքի համակարգչային և բանավոր ստուգումներ՝ գործող կարգի պահանջներին համապատասխան, քննագրաֆիկների խախտումներ և ձա­խողումներ չեն արձանագրվել: Պրոռեկտորի զեկուցմամբ, նախորդ տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի համեմատությամբ, ուսման առաջադիմությունը առկա բակալավրիատում նվազել է 2,4%-ով, առկա մագիստրատուրայում՝ 5,6%-ով, հեռակա բակալավրիատում՝ 2,2%-ով, իսկ հեռակա մագիստրատուրայում բարելավվել է 5,8%-ով։ Արմեն Գրիգորյանը գոհունակությամբ նշեց, որ քննաշրջանի ամբողջ գործընթացում բոլոր խնդրահարույց ուղղություններով կա բարելավում։ Հաշվետվությունն ընդունվեց։

Այնուհետև գիտական խորհուրդն անցկացրեց ամբիոնի վարիչների, պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մրցույթները, որոնց մասին զեկուցեցին ռեկտոր Դիանա Գալոյանը և մրցութային հանձնաժողովի նախագահ, փ․գ․դ․, պրոֆեսոր, ամբիոնի պատվավոր վարիչ Արամ Սարգսյանը։ Կարգի համաձայն՝ ամբիոնի վարիչների պաշտոնների հավակնորդները հանդես եկան ռազմավարական զարգացման ծրագրերի ներկայացմամբ։ Հաջորդիվ ելույթ ունեցողներն ընդգծեցին մրցույթին մասնակիցների մասնագիտական և մարդկային բարձր որակները։ Գիտական խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ ընտրեց տ․գ․թ․, դոցենտ Նարինե Խալաթյանին, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ՝ տ․գ․թ․, դոցենտ Արա Մկրտչյանին, ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ՝ տ․գ․դ․, պրոֆեսոր Հայկ Մնացականյանին (երեքն էլ այս պահին ամբիոնների ժամանակավոր պաշտոնակատարներ էին), պրոֆեսորի գիտական կոչումներ շնորհվեցին գիտության գծով պրոռեկտոր, տ․գ․դ․ Թաթուլ Մկրտչյանին և տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ, տ․գ․դ․ Ֆիրուզա Մայիլյանին, դոցենտի գիտական կոչում՝ միկրոէկոնոմիկայի ամբիոնի դասախոս, տ․գ․թ․ Զարուհի Մելքումյանին։ Ռեկտոր Դիանա Գալոյանը շնորհավորեց գործընկերներին և հույս հայտնեց, որ նրանց գործունեությունը կլինի ի նպաստ հարազատ համալսարանի։

Գիտական խորհուրդը հագեցած էր նաև մի շարք կարգերի, ինչպես նաև առկա բակալավրիատի և մագիստրատուրայի, առկա և հեռակա ասպիրանտուրայի 2023-2024 ուստարվա ընդունելության տեղերի հայտերի հաստատմամբ, որոնք առաջիկայում, գիտական խորհրդում հաստատված մյուս որոշումների հետ միասին, հասանելի կլինեն ՀՊՏՀ պաշտոնական կայքում։

ՀՊՏՀ ռեկտորի առաջարկությամբ գիտական խորհուրդը հաստատեց ՀՊՏՀ նախկին ռեկտոր, երջանկահիշատակ Գրիգոր Կիրակոսյանի անվան կրթաթոշակ սահմանելու հարցը։ Հաստատվեց նաև տնտեսագետ, Գյումրու ֆոնդային բորսայի նախկին ղեկավար Հովիկ Գրիգորյանի անվան կրթաթոշակի սահմանման առաջարկը (կրթաթոշակը նախատեսված է Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի առկա բակալավրիատի ուսանողների համար)։

Նիստն ավարտվեց գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանի զեկուցումներով՝ հաստատվեցին ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ, հրատարակության երաշխավորվեցին տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ Արմեն Ղազարյանի և նույն ամբիոնի ասիստենտ Գառնիկ Առաքելյանի «Linux օպերացիոն համակարգեր» և կառավարչական հաշվառման ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․ Աննա Բայադյանի «Դատահաշվապահական փորձաքննություն» ուսումնական ձեռնարկները։