Առևտրային բանկերը ՀՊՏՀ-ում հանդես են գալիս ծրագրերով և աշխատանքի առաջարկներով. ներկայացվեց «Էվոկալաբ-6»-ը
Ֆինանսական ֆակուլտետի ուսանողները հարազատ կրթօջախում կծանոթանան Հայաստանի առևտրային բանկերում և ապահովագրական ընկերություններում աշխատանքի անցնելու հնարավորություններին. բանկային գործի և ապահովագրության ամբիոնի նախաձեռնությամբ այս կիսամյակում ՀՊՏՀ-ում որպես գործատու կհյուրընկալվեն նշված կազմակերպությունների ներկայացուցիչներ ու կխոսեն իրենց թափուր հաստիքների, ուսուցողական ծրագրերի մասին: Այս մասին asue.am-ի հետ զրույցում հայտնեց նշված ամբիոնի վարիչի ժ/պ Աշոտ Մարդոյանը:
Այսօր մեր համալսարանում էին Էվոկաբանկի հաճախորդների սպասարկման որակի կառավարման դեպարտամենտի ղեկավար Վարդուհի Հարությունյանը և ՄՌԿ բաժնի ավագ մասնագետ Տաթև Վարդանյանը: Նրանք տեղեկատվական սեմինար վարեցին՝ ավագ կուրսերի ուսանողներին հաղորդելով Էվոկաբանկի ուսուցողական «Էվոկալաբ-6» ծրագրի, բանկի աշխատանքային պայմանների, առավելությունների մասին: Նաև պատասխանեցին ուսանողների հարցերին, հետադարձ կապի ապահովման նպատակով փոխանակեցին իրենց կոնտակտային տվյալները: Հանդիպմանը ներկա էին Աշոտ Մարդոյանը, նույն ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Տիգրան Բեկթեմուրյանը:
asue.am-ը զրուցեց Վարդուհի Հարությունյանի հետ, ով նշեց՝ փորձը ցույց է տալիս, որ «Էվոկալաբը» կամուրջ է, որի միջոցով բանկը համալրվում է որակյալ կադրերով:
«Ծրագրում ընդգրկում ենք մասնագիտական բուհերի ուսանողների, որոնց ընտրությունը կատարվում է թեստավորման և հարցազրույցի միջոցով: Նորավարտներին հիմնականում առաջարկում ենք աշխատանք սպասարկման ոլորտում: Ինչ վերաբերում է «Էվոկալաբին», այն ուսանողին տալիս է բանկային ոլորտի վերաբերյալ ընդգրկուն գիտելիք ու լավագույններին Էվոկաբանկի թիմին միանալու հնարավորություն»-ասաց բանկի աշխատակիցը և որպես գործատու՝ բարձր գնահատեց ՀՊՏՀ-ի հետ համագործակցությունը:
Աշոտ Մարդոյանի խոսքով՝ ուսանողները խանդավառված են գործատու բանկերին և ապահովագրական ընկերություններին ՀՊՏՀ-ում հյուրընկալելու նախաձեռնությամբ, ուստի սկիզբը կարելի է խոստումնալից համարել:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին