ՀՊՏՀ դասախոսները մասնագիտական վերապատրաստում են անցել

Դիտումների քանակ՝ 1864

Մեր համալսարանի բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դասախոսները՝ ամբիոնի վարիչ, դոցենտ Գագիկ Աղաջանյանի գլխավորությամբ, փետրվարի 17-ին «Կառույցների ինֆորմացիոն մոդելավորում, կայուն և վերամշակվող շինություն» թեմայով մասնագիտական վերապատրաստում են անցել Նիդեռլանդների ICN Group-ի «ԱրխիԴաչ» ընկերության (հիմնադիր Նատաշա Միրզոյանց) հայաստանյան մասնաճյուղում: Նրանք ծանոթացել են միջազգային ճարտարապետության, ճարտարագիտության և շինարարության ոլորտների նորարարություններին, հայկական նախաձեռնություններին, կայուն զարգացմանը և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների, ածխաթթու գազի արտանետումների և թափոնների նվազեցման հնարավորություններին:

Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ամբիոնի վարիչը՝ նշելով, որ «ԱրխիԴաչ»-ի նպատակն է BIM մոդելավորումը, կայուն և վերամշակող շինությունը և կանաչապատումը, որը հնարավորություն է տալիս ճարտարապետներին, ճարտարագետներին, շինարարներին, ինչպես նաև տնտեսագետ-բնապահպաններին աշխատելու BIM-ի համալիր տվյալների բազայով:

Մեր գործընկերոջ հավաստմամբ, դասընթացի կազմակերպան ձևաչափը նորարարական էր և արդյունավետ, այն հեռահար ձևաչափով Նիդեռլանդներից վարել է ICN Group-ի BIM խորհրդատու Բաս Ուոլսը: Դասընթացի ավարտին «ԱրխիԴաչ»-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարինե Աբրահամյանը ՀՊՏՀ-ին նվիրել է Space for New Economy, Productive Amsterdam գիրքը:

«Շատ տպավորված ենք և՛ դասընթացի կազմակերպումից, և՛ դասավանդման ձևաչափից: Հենց տեղում, մասնագետի հետ կապ հաստատելով, դասընթացի մասնակիցներս կարողացանք ուղղել մեզ հետաքրքրող հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ: Այս նախաձեռնության համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կարինե Աբրահամյանին»,- ասաց Գագիկ Աղաջանյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին