ՀՊՏՀ‒ASECU․աշխարհագրությամբ և ընդգրկմամբ աննախադեպ միջազգային գիտաժողովն ամփոփվեց

12.05.2023
Դիտումների քանակ՝ 1028

ՀՊՏՀ-ում իրողություն դարձավ ևս մեկ միջազգային գիտական նախագիծ։ ASECU-ի (Հարավարևելյան Եվրոպայի և Սևծովյան տարածաշրջանի տնտեսագիտական համալսարանների ասոցիացիա) հետ համատեղ կազմակերպված «Տնտեսական զարգացման առաջնահերթություններ և մարտահրավերներ» միջազգային գիտաժողովը, որը մեկնարկել էր երեկ, երկու օր շարունակ ՀՊՏՀ հյուրընկալ հարկի ներքո համախմբեց տեղացի և օտարերկրյա տնտեսագետների, որոնք հանդես եկան զեկուցումներով, ներկայացրին իրենց մտքերն ու գաղափարները տնտեսագիտական բազմաթիվ արդիական թեմաների շուրջ։

Գիտաժողովի աշխատանքներն ընթացան հետևյալ բաժանմունքներում` «Տնտեսական անվտանգության աշխարհաքաղաքական ասպեկտները. տնտեսական զարգացման նոր կողմնորոշիչներ», «Սոցիալական համայնապատկեր և բնակչություն. զբաղվածություն, աղքատություն և եկամուտների բևեռացում», «Նոր ինտեգրացիոն վեկտորների գլոբալ և տարածաշրջանային ասպեկտները», «Նոր տնտեսական համակարգի աշխարհաքաղաքական ուրվագծերը», «Կանաչ տնտեսություն և կայուն զարգացում», «Տնտեսության թվայնացում. մարտահրավերներ և հնարավորություններ», «Ֆինանսական շուկաներ և ֆինանսական ինստիտուտներ»։

Այսօր՝ գիտաժողովի փակման միջոցառմանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին արդյունավետ համագործակցության համար, ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանն ընդգծեց, որ հաճելի և պարտավորեցնող էր հարգարժան գիտնականներին բուհում հյուրընկալելը։

«Գիտաժողովի երկօրյա ծրագրով մենք փորձեցինք ոչ միայն օրակարգ ձևավորել, այլև հնարավորություն տալ մեր հյուրերին՝ ճանաչելու Հայաստանի մի փոքրիկ մասնիկը և այն տանելու իրենց հետ։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ASECU-ի մեր գործընկերներին՝ Գրիգորիս Զարոտիադիսին և Օլեգ Բոդյագինին, որոնց հետ գիտաժողովի կազմակերպչական աշխատանքների առաջին իսկ օրերից գրեթե ամենօրյա շփումներ ենք ունեցել և հիմա լավագույն ընկերներ ենք»,- ասաց ՀՊՏՀ պրոռեկտորը։

Գիտաժողովի մասնակիցներին երկօրյա արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց նաև ASECU-ի նախագահ Գրիգորիս Զարոտիադիսը։

«Այս գիտաժողովն աննախադեպ էր և նախորդներից էականորեն տարբերվում էր թե′ աշխարհագրությամբ, թե′ հոդվածների քանակով և որակով։ Սա մեզ ոգեշնչում և նոր խթան է հաղորդում հաջորդ տարիների համար ևս նման որակով գիտաժողովներ կազմակերպելու և անցկացնելու»,- ասաց ASECU-ի նախագահը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանին և ASECU-ի նախագահության անդամ Օլեգ Բոդյագինին։

Գիտաժողովի փակման արարողությունն ուղեկցվեց բոլոր մասնակիցներին հավաստագրերի և հուշանվերների հանձնման հանդիսավոր արարողությամբ, որից հետո ծանոթությունն և արդյունավետ համագործակցությունը նշանավորեցին խմբային լուսանկարով։

Գիտաժողովը ներառում էր նաև մշակութային բաղադրիչ․ երկօրյա հագեցած աշխատանքային առօրյային հաջորդեց դեպի Էջմիածին շրջագայությունը, որի ընթացքում գիտաժողովի մասնակիցները ծանոթացան հայկական հարուստ հոգևոր-մշակութային ժառանգությանը։