Շնորհակալագիր և շնորհավորանքներ դասախոս Արա Բենեյանին՝ հոբելյանական տարեդարձի առիթով

Դիտումների քանակ՝ 6649

ՀՊՏՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դասախոս Արա Բեննեյանը բոլորել է կյանքի 75 տարին: Այս առիթով այսօր ամբիոնի նիստի ընթացքում վաստակաշատ դասախոսն արժանացավ ջերմ շնորհավորանքների, բարեմաղթանքների: Ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Մհեր Աղալովյանը իր խոսքում արժևորեց Արա Բեննեյանի գիտամանկավարժական գործունեությունը, ապա հանձնեց հոբելյարին հասցեագրված՝ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի շնորհավորական ուղերձը: Իսկ ամբիոնի կողմից Արա Բեննեյանը շնորհակալագիր ստացավ երկարամյա աշխատանքի և բուհի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար:
Համալսարանի ղեկավարը շնորհավորանք էր հղել պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների և ուսանողների անունից: Ուղերձում, որն ընթերցվեց բարձրաձայն, նշվում էր, որ «Բարձրագույն մաթեմատիկա», «Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն» դասընթացների դասավանդման արդյունավետ մեթոդների, ասելիքի թարմության շնորհիվ Բեննեյանը կարողացել է առարկան ուսանողին ոչ միայն հասանելի դարձնել, այլև արթնացնել հետաքրքրություն, խորամուխ լինելու ձգտում:
«Ձեզ համար, ինչպես վկայում են Ձեր սաներն ու գործընկերները, գիտելիք հաղորդելը երբեք չի սահմանափակվել դասաժամով, Դուք պատրաստակամորեն ու անհուն համբերատարությամբ բացատրել եք չյուրացրած թեման, ստուգել ու կրկին բացատրել: Մանկավարժի այս անզուգական հատկանիշները, մարդկային բարձր արժանիքներն ու նվիրվածությունը սիրելի գործին Ձեզ բնութագրում են ու հարգանքի մեծ զգացում առաջացնում»,-ուղերձում ասել է ռեկտորը:
Ջերմագույն մաղթանքներ հղեցին նաև գործընկերները՝ Արա Բեննեյանին ցանկանալով եռանդ, երկարակեցություն, անձնական ու գործնական հաջողություններ:
Մհեր Աղալովյանը հաղորդեց, որ օրերս 90-ամյակն է տոնել բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի նախկին դասախոս Մկրտիչ Գյուլգյուլյանը: Ամբիոնի ղեկավարն այցելել ու անձամբ է շնորհավորել նրան, հանձնել ՀՊՏՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը, ինչպես նաև ամբիոնի կողմից շնորհակալագիր:
Միանում ենք շնորհավորանքներին և ՀՊՏՀ վաստակավոր դասախոսներին մաղթում ամենայն բարիք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին