Հայաստանում Ֆրանսիայի շունչը ոգեշնչել է նաև ՀՊՏՀ ֆրանսախոսներին. միջոցառում՝ նվիրված ֆրանկոֆոնիայի օրերին

Դիտումների քանակ՝ 1363

Այս օրերին ֆրանկոֆոն երկրներին համախմբած Երևանը պատմում է ֆրանսախոսների մշակութային բազմազանության ու առանձնահատկությունների մասին: Հայաստանում Ֆրանսիայի շունչը ոգեշնչել է նաև ՀՊՏՀ ֆրանսախոսներին, մեկտեղել նրանց Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված ցերեկույթում: Ֆրանսերենի լավ իմացությամբ ուսանողներն այսօր անդրադարձան Ֆրանկոֆոն երկրների մշակույթին, տնտեսությանը, խոհանոցին, զբոսաշրջային գրավչությանը, անվանի մարդկանց: Հավաքույթը նախաձեռնել էր լեզուների ամբիոնը: Այն երկխոսություն էր տարբեր մասնագիտությունների և կուրսերի ուսանողների միջև, հաղորդակցություն՝ աշխարհի գեղեցիկ լեզուներից մեկով:
Մասնակցում էին լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.դ., դոցենտ Լուսինե Հարությունյանը, բ.գ.թ., դոցենտ Սուսաննա Չալաբյանը, դասախոս Նեկտար Խաչատրյանը: Առաջին ֆրանկոֆոն երկիրը, որին անդրադարձան, Շվեյցարական Համադաշնությունն էր (ֆրանսերեն՝ Confédération suisse): Համառոտ պատմական ակնարկում զեկուցողներն այն դիտարկեցին իբրև «Երազանքների երկիր»:
Ֆրանսախոս պետությունների մասին զեկուցումներ կարդացին Զառա Գրիգորյանը (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 3-րդ կուրս), Աստղիկ Խաչատրյանը (ֆինանսական ֆակուլտետ 3-րդ կուրս), Գոհար Մխիթարյանը, Լիանա Պողոսյանը (ֆինանսական ֆակուլտետ, 2-րդ կուրս), Հերմինե Պողոսյանը և Քնարիկ Աթանեսյանը (կառավարման ֆակուլտետ, 2-րդ կուրս):
Ֆրանսերենը սիրող ուսանողներին խրախուսելու և մոտիվացնելու համար ամբիոնը նվեր էր պատրաստել՝ ֆրանսերեն մասնագիտական (տնտեսագիտական) գրքեր:
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ֆրանսերենի դասախոս Նեկտար Խաչատրյանը, միջոցառումը նպատակ ուներ արժևորելու ֆրանսերենի դերը, ընդգծելու հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևորությունը, բարձրացնելու ֆրանկոֆոն երկրների մասին իրազեկվածությունը:
«Հայաստանը ֆրանսախոս երկիր է, բայց ես, որպես դասախոս, ցավով եմ արձանագրում, որ ֆրանսերենին պատշաճ ուշադրություն չի դարձվում»,-թե´ դպրոցում, և թե´ համալսարանում ուսումնական ծրագրով հատկացվող դասաժամերի սակավության մասին մտահոգություն հայտնեց Նեկտար Խաչատրյանը:
Գոհար Մխիթարյանը, ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց, որ սիրով է ուսումնասիրում ֆրանսերեն, հուսով է՝ լեզուն գործնականում կկիրառի նաև Ֆրանսիայում:
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքներն են մարդու և ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, ինչպես նաև պայքարն այնպիսի երևույթների դեմ, ինչպիսիք են այլատյացությունը, անհանդուրժողականությունը, խտրականությունը և ատելության սերմանումը։ 17-րդ գագաթնաժողովն անցկացվելու է Հայաստանում՝ հոկտեմբերի 11-12-ը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին