Համագործակցություն՝ հանուն տնտեսական մրցակցության պաշտպանության. ստորագրվեց համագործակցության հուշագիր

Դիտումների քանակ՝ 2070

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հանձնաժողովում ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Երկու կառույցներն այսուհետ կհամագործակցեն մի շարք երկկողմ հետաքրքրությունն ներկայացնող հարցերի շուրջ, մասնավորապես ուսանողների փորձառությունների կազմակերպում ՏՄՊՊՀ-ում, ՀՊՏՀ հետազոտողների և ուսանողների ներգրավում հանձնաժողովի գործունեության տարբեր ոլորտներում, փորձի փոխանակում, համատեղ միջոցառումների կազմակերպում, ՀՊՏՀ-ի կողմից տնտեսական մրցակցության պաշտպանության հիմնախնդիրներին առնչվող հետազոտությունների և գիտակրթական նյութերի տրամադրում հանձնաժողովին:

Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը նշեց, որ հանձնաժողովն ակտիվացրել է համագործակցությունը բուհերի հետ՝ առաջնորդվելով մրցակցության պաշտպանության ոլորտում զարգացման միտումներին համընթաց քայլելու, գիտականորեն հիմնավորված որոշումների կայացման, ինչպես նաև բուհից աշխատաշուկա անցումն ավելի սահուն դարձնելու անհրաժեշտությամբ:

« Տնտեսագիտական համալսարանը մեր երկրում այն հիմնական դարբնոցն է, որը տնտեսագետներ է պատրաստում, և մեզ համար՝ որպես գործատուի, կարևոր է այդ համագործակցության ամրապնդումը բոլոր ուղղություններով: Այսօր աշխատաշուկան ձևափոխվել է, պահանջարկը շատ արագ է փոխվում, և պետք է համատեղ աշխատենք այդ ազդակները տեղ հասցնելու և մրցունակ, պրակտիկ հմտություններ ունեցող մասնագետներ պատրաստելու համար»,- մասնավորապես նշեց հանձնաժողովի նախագահը:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, նշեց, որ Տնտեսագիտական համալսարանում այժմ բարեփոխումների ակտիվ շրջան է և հատկապես վերանայվում են կրթական ծրագրերն ու վերափոխվում է փորձառությունների գործընթացը՝ նպատակ ունենալով դրանում հնարավորինս ընդգրկել գործատուներին, որոնք կկարողանան մասնակցել կրթական ծրագրերի կազմմանը, դասավանդմանը, փորձառությունների կազմակերպմանը:

«Այսինքն, այդպիսով գործատուն կներգրավվի իր ապագա աշխատողի կրթության կազմակերպման գործում»,- ասաց ՀՊՏՀ ղեկավարը՝ հավելելով, որ մեր համալսարանը հատկապես կարևորում է համագործակցությունը պետական կառույցների հետ: Դիանա Գալոյանը որպես համագործակցության ուղղություն մատնանշեց ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գործունեությունը՝ նշելով, որ այն հայաստանյան ուղեղային միակ կենտրոնն է, որը 2-րդ տարին արդեն ընդգրկվում է Փենսիլվանիայի համալսարանի աշխարհի ուղեղային կենտրոնների գլոբալ վարկանիշավորման  “Go To Think Tank Index Report'' զեկույցում՝ 100 լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում՝ այս տարի զբաղեցնելով 94-րդ հորիզոնականը: «Այստեղ ևս մենք պատրաստակամ ենք մեր համալսարանի գիտական ներուժը օգտագործել ի նպաստ ՀՀ տնտեսության զարգացման»,- ասաց ՀՊՏՀ ղեկավարը:

ՀՊՏՀ-ից հուշագրի ստորագրմանը ներկա էին գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը և արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին